23/12/2021 17:36
50 հազար դրամի համար որևէ հաշվարկ չկա. հնարավոր է՝ այն նույնիսկ մեկ երեխայի ծախսերը չկարողանա ապահովել. Տնտեսագետ
Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 50 հազար դրամ աջակցություն սահմանելիս կառավարությունը պետք է որոշակի ձևով գնահատի ընտանիքների սոցիալական վիճակը։ Այսինքն՝ գումարը ոչ թե բոլորին տրամադրվի, այլ որոշակի խմբերի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Այսինքն՝ պետք է որոշակի ճշգրտումներ կատարվեին, թե տվյալ ընտանիքը որքան սոցիալական խնդիրներ ունի։ Կառավարությունն այդ 50 հազար դրամ նպաստը պետք է ավելի հասցեական տրամադրի։ Արդյունքում, սոցիալապես խոցելի խմբի ընտանքիներին ոչ թե 50 հազար դրամ վճարեր, այլ, օրինակ, 500 հազար, իսկ առավել ապահով ընտանքիներին ընդհանրապես չվճարեր, այսինքն՝ վերաբաշխում կատարարեր»,-ասաց նա։
Ըստ տնտեսագետի՝ կառավարության այս քաղաքականությունը շատ նման է 2020 թվականի կորոնավիրուսի համավարակի ժամանակ իրականացված ծրագրին, երբ ընտանքիներին ասվում էր՝ եթե կառավարության սուբսիդավորած կոմունալ վճարերի կարիքը չունեք, տվեք ձեր հարևաններին։
«Կառավարությունը պետք է իր վրա վերցնի սոցիալական քաղաքականության բեռը, այսինքն՝ տեսնի՝ այն ընտանիքը, որը տվյալ գումարի կարիքը չունի, վերաբաշխում կատարի, ոչ թե բոլորին տա, հետո ասի՝ դե որ կարիքը չունեք, տվեք մյուս ընտանիքներին։ Սա պետական մտածելակերպ չէ, սա ուղղակի պատասխանատվությունից խուսափելու մեխանիզմ է»,- ասաց Սուրեն Պարսյանը։
Տնտեսագետի խոսքով՝ կառավարությունն իր ուշադրությունը պետք է կենտրոնացնի 3-րդ և ավելի երեխա ունենալու վրա և սրան ուղղված բոլոր քայլերը պետք է ողջունել։
«Շատ կարևոր է, որ կառավարությունը թիրախավորի և ֆինասավորի երրորդ և հաջորդ երեխա ունենալը։ Սակայն խնդիրը կայանում է տրվող գումարի մեջ։ Մենք հասկանում ենք, որ 50 հազար դրամի համար որևէ հաշվարկ չկա։ Սա ուղղակի օգնություն է մեր ազգաբնակչությանը։ 50 հազարը նույնիսկ մեկ ընտանիքի նվազագույն սպառողական զամբյուղը չի կարող ապահովել, հնարավոր է՝ նույնիսկ մեկ երեխայի ծախսերը չկարողանա ապահովել»,- նշեց Պարսյանը։