23/12/2021 11:44
Պետք չէ դանակը ոսկորին հասնի, նոր տեղից շարժվենք. կորոնավիրուսի հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը բավական լավ է:
«Երեկ գրանցվել է 129 նոր դեպք, մահվան 15 դեպք է արձանագրվել», - նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ եթե նախատոնական ու տոնական օրերին էլ փորձեն պահպանել հակահամաճարակային կանոնները, ապա իրավիճակը կկարողանան կայուն վիճակում պահպանել:
Ավանեսյանն ասաց, որ Հայաստանում «Օմիկրոն» շտամ դեռ հայտնաբերված չէ:
«Իրականացվել է 1 միլիոն 591 հազար 809 պատվաստում. 920 հազար 650 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափ, երկրորդ դեղաչափ ստացել է 670 հազար 710 քաղաքացի», - նշեց նա:
Ավանեսյանի խոսքով՝ մոտ 500 քաղաքացի արդեն ստացել է խթանիչ դեղաչափը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է. պետք է պատվաստումները շարունակել այնպես, ինչպես անում էին այն ժամանակ, երբ օրական թվերը հասնում էր 1500-ի, մահվան 70 դեպք էր արձանագրվում:
«Պետք չէ դանակը ոսկորին հասնի, նոր տեղից շարժվենք», - ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ ստացել է 3-րդ դեղաչափն ու բոլորին խորհուրդ է տալիս նույնն անել: