24/12/2021 21:10
Եթե տեսնենք, որ «3+2» ձևաչափը Հայաստանի շահերին չի համապատասխանում, պրոցեսները մեր շահերին հակադրվում են, չենք մասնակցի․ Փաշինյան
Տարածաշրջանային համագործակցության «3+2» ձևաչափի առաջին հանդիպումը եղել է հիմնադիր հանդիպում, շատ ընդհանուր սկզբունքներ են քննարկվել՝ տեխնիկական, կազմակերպչական հարցեր, առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց՝ «3+2»-ում Հայաստանի ներկայացուցչի զեկույցից հետո դրական տպավորություններ են ստացել, բայց դա չի նշանակում, որ ռիսկեր չկան։
«Բայց, ընդհանուր առմամբ, «3+2» ձևաչափը համապատասխանում է կառավարության ծրագրում մեր ձևակերպած այն դիրքորոշումներին, թե մենք ուզում ենք տարածաշրջանային խոսակցություններին մասնակից լինել։ Եթե մենք հիմա բանակցում ենք Ադրբեջանի հետ, եթե մենք հիմա արդեն բանակցելու ենք Թուրքիայի հետ երկկողմ ձևաչափով, Իրանի հետ մեր երկխոսությունը մշտական է, ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է․ հիմա, եթե բոլորի հետ առանձին-առանձին խոսում ենք, անտրամաբանական կլինի, եթե ասենք՝ այդ միջավայրում չենք ուզում խոսել», - ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ «3+2»-ում ըմբռնում կա Հայաստանի դիրքորոշման շուրջ, որ այդ հարթակում չեն քննարկվելու հարցեր, որոնք այլ ձևաչափում են քննարկվում։
«Այնուհանդերձ, չի բացառվում, որ որևէ պահի «3+2»-ում դիրքորոշման փոփոխություն լինի։ Եթե տեսնենք, որ այդ ձևաչափը Հայաստանի շահերին չի համապատասխանում և պրոցեսները գնում են այնպես, որ մեր շահերին հակադրվում են, մենք չենք մասնակցի այդ պրոցեսին։ Բայց նախնական տպավորությունները դրական են, ինչը չի նշանակում, որ հաջորդ հանդիպումները կլինեն նույն կերպ», - ասաց Փաշինյանը։