24/12/2021 20:46
Անտրամաբանական կլինի, որ կոնֆլիկտի նոր օջախ ստեղծենք. Փաշինյանը՝ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ում դիտորդ լինելու մասին
Ես չեմ կարող հիմա դիրքորոշում արտահայտել, որովհետև նախ հարցը պաշտոնապես սեղանին չի, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, որ Ադրբեջանը կարող է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ։
«Բայց եթե նույնիսկ սեղանին լինի, մեզ համար դա պրոցես է, որի նկատմամբ վերաբերմունքը կախված մի շարք գործոններից։ Եթե տեսնենք, որ դա մի քայլ է, որը նպաստելու է մեր օրակարգին՝ այն է՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացել, բնականաբար, Արցախի հարցի կարգավորման հեռանկարը, կոմպրոմիսները, հնարավորությունները և այլն, այսինքն՝ դա ընդհանուր համատեքստում պետք է լինի։ Եթե մյուս կետերում գնում ենք առաջ, ապա անտրամաբանական կլինի, որ կոնֆլիկտի նոր օջախ ստեղծենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։