24/12/2021 15:58
Ասում են՝ երկաթուղով Իրան կգնանք․ ձեզ ո՞վ էր խնդրում Գորիս-Կապան ճանապարհը տալ թուրքին, որ հիմա էլ ասեք՝ Ադրբեջանով կգնանք Իրան․ ՀՀԿ-ական
Այս պարտված իրավիճակում, կապիտուլացված, ապատիայի մեջ գնում ենք թուրքերի հետ հարաբերությունների հաստատմա՞ն։ Կանգնում, ասում են՝ ապաշրջափակում է, մեզ ձեռք է տալիս։ Լկտիաբար էլ աշխարհագրություն իմացող մարդկանց ծաղրում են, անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման նպատակահարմարությանը՝ ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Ասում են՝ Մեղրի-Հորադիզ երկաթուղով մենք կկապվենք Ռուսաստանի հետ։ Քարտեզը նայեք․ Երևանից Մեղրի քանի՞ կիլոմետր է։ Մեղրի-Հորադիզ, Հորադիզից Բաքու քանի՞ կիլոմետր է, երբ կա Իջևան-Ղազախ երկաթուղին։ Եթե բեռնափոխադրումների մասին եք մտածում, Իջևան-Ղազախ երկաթուղին գործարկեք, ինչո՞ւ եք Հայաստանի հարկատուների վրա 200 միլիոն դնում։ Որ թուրքական երազա՞նքն իրականացնեք։ Ի՞նչ Մեղրի-Հորադիզ երկաթուղի։ Մեղրի-Հորադիզով՝ Մոսկվա՞։ Կամ ասում են՝ մենք դրանով Իրան էլ կգնանք։ Ունեինք կապ Իրանի հետ։ Ձեզ ո՞վ էր ասում՝ Գորիս-Կապան ճանապարհը տալ թուրքին, որ հիմա էլ ասում եք՝ Ադրբեջանով կգնանք Իրան», - ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։