24/12/2021 17:48
Այս փուլում բացառվում է, որ Վրաստանը ցանկանա մուտք գործել «3+3» ձևաչափ. Քաղաքագետ
Այս փուլում բացառվում է, որ Վրաստանը ցանկանա մուտք գործել «3+3» ձևաչափ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որ Հարավային Կովկասի հարցերով նոր ձևաչափի դուռը միշտ բաց է Վրաստանի համար, եթե վերջինս ցանկանա միանալ քննարկումներին։
«Վրաստանը Ռուսաստանի հետ դեռևս չլուծված հարցեր ունի, ուստի բացառում եմ, որ «3+3» ֆորամտին մասնակցություն բերի։ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հարցերին գումարվում են նաև Արևմուտքի հետ, այսպես ասած, ռեվերանսները, որոնք, բնականաբար, Ռուսաստանի սրտով չեն։
Ռուսաստանը, Վրաստանին այս ձևաչափ ներքաշելով, փորձում է վերջինիս իր ազդեցության գոտի հրավիրել։ Բայց սա բացառվում է, որովհետև Արևմուտքը նման բան թույլ չի տա»,- ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, խոսելով նոր ձևաչափի աշխատանքների մասին, հայտարարել էր, որ Վրաստանի համար դուռը միշտ բաց է մնում՝ միանալու այդ հարթակին։