24/12/2021 17:58
Վալերի Պեկրեսը Հայաստան կատարած այցի տպավորություններով է կիսվել
Ֆրանսիայի Իլ ֆը Ֆրանս շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Հայաստան կատարած այցի մասին գրառում է արել «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում։
Վալերի Պեկրեսը տեղեկացրել է, որ Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոյի և Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար Միշել Բարնյեի հետ այցելել է Ֆրանսիայի քույր երկիր՝ հանդես գալով Լեռնային Ղարաբաղում խաղաղության վերականգնման և Հայաստանի տնտեսական ու մշակութային զարգացման և հայկական հոգևոր ժառանգության պահպանման հարցերում Ֆրանսիայի աջակցությունը մեծացնելու օգտին։
Վալերի Պեկրեսը գրառմանը կից նաև լուսանկարներ է հրապարակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումներից, Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունից։