24/12/2021 20:41
Չենք բացառում նոր ճանապարհի կառուցումը, որը մեր տեսանկյունից կլինի միջազգային հաղորդակցության կարևոր ուղի․ ՀՀ վարչապետ
Եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ պետք է ճանապարհ լինի՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, բայց ես ուզում եմ, որ մենք դիտանկյունը փոխենք, որովհետև, այնուամենայնիվ, սա տեղի է ունենում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման տրամաբանության մեջ, ասուլիսի ընթացքում անդրադառնալով նոր բացվող ճանապարհների խնդրին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պարզաբանեց՝ նկատի ունի միջազգային տարանցիկ ճանապարհի ստեղծում, որի նշանակությունը միայն Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապելը չէ։
«Իմ և մեր ընկալմամբ՝ սա ոչ միայն ուղղակի ճանապարհ է՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, այլև սա նոր, միջազգային տարանցիկ ճանապարհ է, որի բացմամբ հետաքրքրված է նաև Հայաստանը։ Հետևաբար, երբ որ մենք համաձայնության գանք Ադրբեջանի հետ, մենք պետք է նաև մեր դիտակետը այն տրամաբանությամբ վերանայենք, որ մենք պիտի ունենանք, մեր տեսանկյունից, մի ճանապարհ, որը հնարավորինս գրավիչ կլինի միջազգային տարանցիկ փոխադրումների համար, որովհետև դա Հայաստանին կբերի շատ կոնկրետ օգուտներ», - ասաց Փաշինյանը։
Փաշինյանը հավելեց՝ այս համատեքստում չեն բացառում նոր ճանապարհի կառուցումը։
«Նախկինում էլ չենք բացառել և չենք բացառում նոր ճանապարհի կառուցումը, որը մեր տեսանկյունից կլինի միջազգային հաղորդակցության կարևոր ուղի։ Ես Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի խորհրդի նիստում այդ միտքը ձևակերպել եմ, որ եթե մեզ հաջողվի մեր նշած տրամաբանության ու սկզբունքների շրջանակում գալ համաձայնության, մեր նպատակադրումն է մեր ունեցած Հյուսիս-Հարավ նախագծի բովանդակությունը և էությունը ընդլայնել և այն դարձնել ոչ միայն Հյուսիս-հարավ, այլև Արևելք-Արևմուտք խաչաձև ճանապարհ, որը էականորեն կմեծացնի այդ ճանապարհի նշանակությունը», - ասաց նա։