24/12/2021 19:10
Աշխատանքային իրավունքների խախտման տեսանկյունից ռիսկային է առևտրի և սպասարկման ոլորտը
Հանրապետությունում 2021 թվականի հունվար–դեկտեմբերին աշխատանքային իրավունքի, ներառյալ աշխատողների առողջության և անվտանգության ապահովման բնագավառում տեսչական մարմնի կողմից հարուցվել է 502 վարչական վարույթ, որից 230-ը տեսչական մարմնի նախաձեռնությամբ, իսկ 272-ը՝ դիմումի հիման վրա։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վարչության պետ Իգիթ Հակոբյանը նշեց, որ վարչական վարույթներից 154-ը հարուցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված գրությունների և արձանագրությունների հիմքով: 2021 թվականի հուլիսից տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել է 45 վարչական վարույթ՝ շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող 36 կազմակերպության նկատմամբ, 87 հասցեում գտնվող շինհրապարակներում իրականացվել են զննումներ: Նշված ոլորտում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերված իրավախախտումների համար կիրառված տուգանքի ընդհանուր չափը կազմում է 2 միլիոն 240 հազար 000 դրամ:
«Տեսչական մարմնի ղեկավարի կողմից խախտումները վերացնելու համար տրվել է 112 կարգադրագիր: Հարուցված վարչական վարույթներից 292-ը տարբեր հիմքերով կարճվել են, այդ թվում՝ 86-ը դիմումից հրաժարվելու հիմքով»,-ասաց Իգիթ Հակոբյանը:
Վարչական վարույթների արդյունքում ընդունվել է վարչական տույժ նշանակելու մասին 163 որոշում, այդ թվում 25 նախազգուշացում, ընդհանուր առմամբ, նշանակվել է 24 միլիոն 383 հազար 000 դրամի տուգանք:
Ստացված 272 դիմում բողոքներից 269-ը վերաբերել են աշխատանքային օրենսդրության խախտումներին, իսկ 3-ն աշխատողների առողջության պահպանմանը և անվտանգության ապահովմանը:
«Դիմում-բողոքներից երևում է, որ հիմնականում խնդիրներ կան վերջնահաշվարկ չկատարելու հետ կապված, շատ են դեպքերն օրենքով սահմանված ժամկետներում աշխատավարձը չվճարելու, աշխատանքային պայմանագրի լուծման կարգը չպահպանելու առնչությամբ և այլն»,-ասաց Իգիթ Հակոբյանը:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի խոսքով՝ պլանային ստուգումներն ընդգրկում են բարձր ռիսկային տնտեսվարողներին: 2020 թվականին պլանային ստուգումների ցանկում ընդգրկվել էր մոտ 190 տնտեսվարող, 2021-ին՝ 240, իսկ հաջորդ տարվա համար առանձնացվել է մոտ 700 տնտեսվարողի ցանկ:
«Ռիսկային շարունակում է մնալ առևտրի և սպասարկման ոլորտը: Անվտանգության մասով էլ ռիսկային են այն ոլորտները, որտեղ համապատասխան նորմատիվային պահանջներ կան»,-ասաց Հակոբ Ավագյանը: