24/12/2021 18:32
Կորոնավիրուսի դեմ պատվաստված հղի կնոջ պտուղը հակամարմիններ է ձեռք բերում․ Գայանե Սահակյան
Կորոնավիրուսի դեմ չպատվաստված ու կորոնավիրուսով վարակված հղի կինը կարող է ունենալ բարդություններ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
«Կան հետազոտություններ, որ եթե կինը հղիության ընթացքում վարակվում է, վիրուսը երեխային կարող է անցնել։ Նույնիսկ Հայաստանում դեպքեր ունենք, որ արդեն թոքաբորբով ծնված երեխաներ են եղել: Բազմաթիվ հրապարակումներ եղան, որ հենց «Հանրապետական» ծննդատանն ունեցել ենք թոքաբորբով ծնված երեխաներ, այսինքն՝ հղիության ընթացքում վիրուսը կարող է վտանգել ոչ միայն հղիի առողջությունը, այլև՝ երեխայի առողջությանը», - հավելեց Սահակյանը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսն ամենամեծ վտանգները կարող է բերել. վիժում, մեռելածնություն:
«Իսկ եթե հղին պատվաստված է լինում, բավականին հետազոտություններ կան, որ երեխայի վրա ոչ մի ազդեցություն չի թողնում, հղիությունն ընթանում է առանց բարդությունների», - նշեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալը:
Նա հիշեցրեց, որ բազմիցս է ասվել՝ չկա այնպիսի պատվաստանյութ, որը հարյուր տոկոսով պաշտպանում է։
«Մենք մշտապես ասում ենք՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը կանխարգելում է հիվանդության ծայրահեղ ծանր ձևերը, կանխում է բարդություններն ու մահվան դեպքերը: Հղին հիվանդությունը կարող է թեթև տանել։Հետազոտությունները ցույց են տալիս, որ պտղին փոխանցում չի լինում։ Ավելին ասեմ, երեխան միանգամից ծնվում է արդեն հակամարմիններով, այսինքն՝ այստեղ ամեն ինչ խոսում է հօգուտ պատվաստման», - ասաց Գայանե Սահակյանը: