25/12/2021 09:40
«Հրապարակ». Դեկտեմբերի 27-ին Ռոբերտ Քոչարյանը ասուլիս կտա. նախատեսվում է ընդգրկել լրատվադաշտի ողջ սպեկտրը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 27-ին, ասուլիս է տալու։ Լրատվամիջոցները հրավիրվելու և մասնակցելու են հավատարմագրման կարգով. նախատեսվում է ընդգրկել լրատվադաշտի ողջ սպեկտրը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը պատերազմից հետո անցել է առցանց ասուլիսների և հրաժարվում է ԶԼՄ-ների հետ տետատետ հանդիպումներից, անգամ առցանց ասուլիսների ժամանակ է ընտրովի պատասխանում ԶԼՄ-ների ուղարկած հարցերին՝ չանդրադառնալով անկախ և ոչ իշխանական որոշ լրատվամիջոցների հարցերին։
Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Փաշինյանը հերթական առցանց ասուլիսն է տվել, որի ժամանակ, մասնավորապես, ասել է, որ դեկտեմբերի 28-ին մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում նախատեսված ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որտեղ «Ադրբեջանի նախագահի հետ անպայման շփում կլինի»։ Ի դեպ, վերջին ասուլիսների ժամանակ մեկնաբանությունների դաշտը փակում են։
Անցած շաբաթ էլ Սերժ Սարգսյանն իր ասելիքը հանրությանը ներկայացրեց՝ ՀՀԿ համագումարի միջոցով, ուստի կանխատեսելի էր, որ ՀՀ երկրորդ նախագահը, հետ չմնալով գործընթացներից, պետք է ներկայացներ նաև իր խոսքը»։