25/12/2021 13:07
Արմեն Մուրադյանն ադրբեջանական կողմի հետ հանդիպմանն առաջարկել է եթե ոչ հայ, ապա գոնե չեզոք երկրի բժիշկների խումբ ուղարկել Բաքու՝ գերիների վիճակի մասին հավաստի տեղեկություն ստանալու
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի՝ Մոսկվա կատարած այցը մարդասիրական բնույթի է։ Ադրբեջանական կողմի հետ քննարկումների ժամանակ նա բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների առողջական վիճակին առնչվող հարցեր, առաջարկել՝ եթե ոչ հայ, ապա գոնե չեզոք երկրի բժիշկների խումբ ուղարկել Բաքու՝ գերիների վիճակի մասին հավաստի տեղեկություններ ստանալու, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Նրա խոսքով՝ հայկական պատվիրակության կազմում ընդգրկված մշակութային գործիչներն իրենց հերթին անդրադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած խաչքարերի, կտավների և մշակութային այլ արժեքների հետագա ճակատագրին։
«Հայկական պատվիրակության այցը բացառապես հումանիտար է, քաղաքական կոնտեքստ չունի։ Այցի նպատակն այն է, որ քաղաքական և մարդասիրական հարցերն իրարից տարանջատվեն, որովհետև քաղաքական հարցերը կարող են տարիներ տևել, իսկ մարդասիրական խնդիրները սպասելու հրամայական չունեն։
Իհարկե, օրակարգային և ամենաառանցքային հարցը եղել է գերիների վերադարձի հարցը», - նշեց մեր զրուցակիցը։
Մոսկովյան այցի մասին տեղեկություններ Aysor.am-ը փորձեց ստանալ նաև մշակությային գործիչներից, որոնք, ըստ մամուլի հրապարակումների, ընդգրկված են եղել հայկական պատվիրակության կազմում։
«Երբ վաղը երեկոյան Մոսկվայից վերադառնամ Երևան, այդ ժամանակ էլ մանրամասն կխոսեմ», - մեզ հետ զրույցում ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ ի պատասխան հարցի, թե ադրբեջանցի արվեստագետների հետ հանդիպմանը հարցերի ի՞նչ շրջանակ է քննարկվել։
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը ևս մեզ հետ զրույցում հաստատեց, որ Մոսկվայում է, սակայն նշեց, և այս պահին ռոումինգով չի կարող խոսել, կխոսի Երևան վերադառնալուց հետո։
Ավելի վաղ հայտնել էինք, ոչ Մոսկվայում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների ներկայացուցիչները։
«Սպուտնիկ Արմենիայի» փոխանցմամբ՝ Մոսկվայում հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են Ռուբեն Բաբայանը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Aysor.am-ի տեղեկություններով՝ մոսկովյան հանդիպումը բավական արդյունավետ է անցել և չի բացառվում, որ այն շարունակություն ունենա։