25/12/2021 15:29
Դահիճիդ հետ ինչի՞ մասին ես բանակցելու, երբ նրա գոյությունն անգամ քո կյանքի սպառնալիքն է. Տավուշի թեմի առաջնորդ
«Մեզ համար անհասկանալի և անընդունելի է Աշոտ Մինասյանի՝ կալանքի տակ մնալու պարագան․ հասկանալի չեն նաև դրա պատճառները»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը` անդրադառնալով «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի դեմ հարուցված քրեական գործին:
Դատախազությունը մերժել էր Աշոտ Մինասյանի կալանքը փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորների դիմումները։ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքով` դատախազությունն անգամ հաշվի չի առել այն, որ անձնական երաշխավորություն էր տրված մարդկանց կողմից, որոնք անձնապես հանձն էին առել, որ որևէ տեսակի խախտում չի կարող լինել, եթե Աշոտ Մինասյանը գտնվի ազատության մեջ։
Հարցին` Աշոտ Մինասյանի դեմ քրեական գործը քաղաքական հետապնդո՞ւմ է, սրբազանը պատասխանել է.
«Այո՛, էլ ուրիշ ի՞նչ պատճառ կարող է լինել, որ մարդուն կալանքի տակ պահեն։ Ես դեմ չեմ, որպեսզի իրավական գործընթացներ լինեն, որոնք կծառայեն արդարադատությանը։ Աշոտ Մինասյանի դեպքում պատկերն այլ է. մարդուն առանց որևէ հիմնավորման կալանքի տակ պահել՝ նշանակում է զրկել ազատությունից»:
Թեմակալ առաջնորդն անդրադարձել է նաև Աշոտ Մինասյանի հայրենապաշտպան գործունեությանը՝ ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքում։
«Ես անձնապես գիտեմ, որ անվտանգության տարբեր մարմինների խնդրել է, որպեսզի իրավունք տրվի իր ջոկատով աջակից լինելու մեր բանակին, տեղի երկրապահներին, իրենք ևս մասնակցեն պաշտպանական գործողություններին։ Նույնիսկ մեղադրանք առաջադրված պարագային, իր հայրենիքն ու պետականությունը մտքին ունենալով, իր արժանապատվության գիտակցումով, Արցախյան առաջին ազատամարտի օրերից, որպես լեգենդար հրամանատար, լծվել է հայրենիքի պաշտպանությանը, իսկ հիմա գտնվում է անազատության մեջ», - ասել է սրբազանը։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասել է, որ խոցված վիճակում չենք կարող մեր պայմաններն առաջադրել: Ըստ նրա՝ նախ պատերազմի հետևանքները պետք է վերացնենք, վերականգնումի ճանապարհ բռնենք, հետո որոշենք` ո՞ւմ հետ ենք հարաբերություններ հաստատում, իսկ ում հետ` ոչ:
«Ներքին կյանքն է մեր խառնված և փոթորկված, իսկ մենք խոսում ենք հայ-թուրքական հարաբերությունների մասին, բայց ներքին հարաբերություն չկա ընդհանրապես։ Մենք խնդիրներ ունենք, Արցախի հարց ունենք, որը փորձում են մոռացնել տալ, Ցեղասպանության հարց ունենք, մոռացել ենք դրանց մասին։ Հիմա հարց է առաջանում` դահիճիդ հետ գնում ես բանակցելու, ինչի՞ մասին ես բանակցելու, երբ գիտես, որ նրա գոյությունն անգամ քո կյանքի սպառնալիքն է։ Եվ հաջորդ հարցը` ի՞նչն ենք փոխարինելու՝ ինչո՞վ», - եզրափակել է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։