25/12/2021 16:35
Ապրիլյան պատերազմում հայկական կողմը տարել է հաղթանակ․ դա չի հերքում Ադրբեջանը, բայց հերքում են մեր երկրի ներսում՝ դավաճանները․ պատգամավորի արձագանքը Փաշինյանի հայտարարություններին
«2,5 ժամանոց աբսուրդի թատրոնում մանիպուլյացիայի շքերթ»,- այսպես բնորոշեց նախօրեին Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորն անդրադարձավ Փաշինյանի որոշ հայտարարությունների։
«Մի քանի օր առաջ մեր ԶՈՒ գերեվարել են ադրբեջանցի 2 զինվորականի, որոնք «մարդասիրական» նկատառումներով՝ ՀՀ ղեկավարության կողմից հանձնվել են Ադրբեջանին՝ առանց նախապայմանների։ Հիշեցնեմ, որ մենք, չճշտված տեղեկություններով, 180 գերեվարված անձ ունենք Բաքվում, բայց երկու ադրբեջանցու գերեվարելուց հետո նա ասում է՝ առանց նախապայմանների հանձնել ենք»,- ասաց Մամիջանյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն արձագանքեց նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի և Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Փաշինյանի ձևակերպումներին։
«Նա ասում է՝ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ աշխատել, բայց Ցեղասպանության ճանաչումը շարունակում է մնալ մեր երկրի առաջնահերթությունը։ Ո՞նց է մեր երկրի առաջնահերթությունը մնում, եթե ԱԳՆ-ի կայքում Ցեղասպանության միջազգային օրվա հետ կապված հայտարարության մեջ Թուրքիայի հիշատակում, «Թուրքիա» բառը չկա, ճանաչման մասին խոսք չկա»,- ընդգծեց Մամիջանյանը։
Պատգամավորը նշեց նաև, որ ասուլիսին Փաշինյանը հերթական անգամ հաճույքով պաշտպանում էր ադրբեջանական շահերը՝ այլափոխելով ԼՂ բանակցային գործընթացի էությունը։
«Երբ նա համարձակվում է խոսել Արցախի միջանկյալ կարգավիճակի մասին, ապա նշեմ, որ դեռևս Կազանում, Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթղթով, Արցախը ստանալու էր միջանկյալ կարգավիճակ, որը պետք է ավելին լիներ, քան դե-ֆակտո եղած կարգավիճակը»,- ասաց Մամիջանյանը։
Հայկ Մամիջանյանն անդրադարձավ նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյան կանխելու մասին Փաշինյանի հայտարարությանը։
«Ապրիլյան պատերազմում հայկական կողմը տարել է հաղթանակ՝ լույս տղերքի, ողջ մնացած մեր զինվորների և սպաների արյան գնով։ Ու այն դավաճանները, որոնք համարձակվում են այդ արյունը ջուր դարձնել ու որպես պարտություն ներկայացնել, թող հիշեն՝ ադրբեջանցիները Մոսկվայից խնդրել են դադարեցնել ակտիվ ռազմական գործողությունները։ Դրա հերքումը չի եղել ո՛չ Ադրբեջանից, ո՛չ Ռուսաստանից։ Բայց դա հերքում են մեր երկրի ներսում՝ դավաճանները։ Նա փորձում է զուգահեռներ տանել, որ ապրիլյանը «разведка боем» էր՝ մեջբերելով հերոս Կոմանդոսին։ Բոլորը վաղուց նկատած կլինեն, որ Փաշինյանը սպասում է, որ մարդը հնարավորություն չունենա արձագանքել, հերքել, նոր մեջբերումներ է անում։ Կոմանդոսին ճանաչող ցանկացած մարդ գիտի իր մոտեցումները, որոնց մասին նա բազմիցս խոսել է»,- ընդգծեց Մամիջանյանը։