25/12/2021 11:14
ՀՀ վարչապետը պատրաստ է սեփական անկարողության արդարացման համար շրջանառության մեջ դնել վտանգավոր և պետության շահերին հակասող թեզեր. ՔՊ-ական նախկին պատգամավոր
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր և պետության շահերին հակասող թեզեր կարող է դնել շրջանառության մեջ սեփական անկարողության արդարացման համար։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց են ուղղում, թե արդյոք պատրաստվում է հետագա բանակցային գործընթացի մաս դարձնել Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի հարցը, որոնք նախկին ԼՂԻՄ անբաժան մաս են կազմում:
Դրան ի պատասխան՝ Փաշինյանը սկսում է խոսել, որ ԼՂԻՄ տարածքում ադրբեջանցիներ են ապրել 90-ականներին, անգամ հարաբերակցություն չի նշում բնակչության, չի խոսում այն մասին, թե 2020 թվականին որքան հայ է զրկվել իր տնից ու օթևանից Շուշիի ու Հադրութի օկուպացիայի և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, փոխարենը շարունակ խոսում է 90–ականների ադրբեջանական բնակչությունից: Այս պատասխանը ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ վարչապետը, ով կոչված է սպասարկելու մեր պետության շահը բանակցային սեղանի շուրջ պատրաստ է սեփական անկարողության արդարացման համար շրջանառության մեջ դնել վտանգավոր և պետության շահերին հակասող թեզեր», - ընդգծել է Հայրապետյանը։
Իսկ դրան զուգահեռ, նախկին պատգամավորի խոսքով, Ալիևը կկրկնի, որ «Զանգեզուրը, Սևանն ու Երևանը հին ադրբեջանական հողեր են»։