25/12/2021 13:26
ՀՀ-ում քովիդի դեմ ամբողջական պատվաստված ու հետո վարակված անձանցից հոսպիտալացվել է 0, 12 տոկոսը, վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել 0, 011 տոկոսը. Գայանե Սահակյան
Հայաստանում ուսումնասիրության համաձայն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման արդյունքում վարակման ռիսկը նվազում է 3, 8 անգամ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Նախարարությունը գնահատել է, թե որն է Հայաստանում վարակման հաճախականությունը պատվաստվածների և չպատվաստվածների շրջանում և, թե պատվաստման արդյունքում վարակման ռիսկը որքանով է նվազում:
«Ըստ մեր գնահատումների՝ դեկտեմբերի 22-ի դրությամբ չպատվաստվածների շրջանում վարակման ռիսկը կազմում է 0, 39 տոկոս կամ յուրաքանչյուր 337-րդ դեպքը չպատվաստված անձ է, որը ենթակա է վարակման ռիսկի: 2 դեղաչափ պատվաստված անձանց շրջանում վարակման ռիսկը կազմում է 0, 08 տոկոս կամ յուրաքանչյուր 1290-րդ պատվաստված անձը ենթակա է վարակման ռիսկի: Այսպիսով՝ պատվաստման արդյունքում մեր վարակման ռիսկը նվազում է 3, 8 անգամ», - նշեց Սահակյանը։
Մասնագետն ասաց, թե չպատվաստված աձանց շրջանում 0, 09 տոկոսով կա ռիսկ կամ յուրաքանչյուր 1379-րդ չպատվաստված անձը, եթե հիվանդանա վիրուսով, ենթակա կլինի հոսպիտալացման, իսկ 2 դեղաչափ պատվաստված անձանց շրջանում ռիսկը 0, 01 տոկոս է կամ յուրանքանչյուր 11 413-րդ պատվաստված անձը ենթակա է հոսպիտալացման ռիսկի:
«Եթե համադրում ենք այս երկու ռիսկերը, ունենում ենք, որ ամբողջական պատվաստումը 7, 5 անգամ պաշտպանում է հոսպիտալացման ռիսկից», - նշեց նա:
Չպատվաստվածների 0, 01 տոկոսը կամ յուրաքանչյուր 13 867-րդ չպատվաստված անձը ենթակա է ծանր ռիսկի, այսինքն՝ կարող է ռեանիմացիայում հայտնվել, իսկ 2 դեղաչափ ստացածների շրջանում հոսպիտալացման ռիսկը 0, 0011 տոկոս է կամ յուրաքանչյուր 94 568-րդ պատվաստված անձը։
«Համադրության դեպքում կստացվի, որ երկու դեղաչափ ստացածների մոտ ռիսկը 6, 8 անգամ նվազ է՝ չպատվաստված մարդու համեմատությամբ, որ ինքը ծանր կլինիկական ընթացքում կհայտնվի ռեանիմացիայում», - ընդգծեց Սահակյանը։
Անդրադառնալով արձանագրված տվյալներին՝ նա տեղեկացրեց, որ Հայաստանում վարակվել է առաջին դեղաչափ ստացած անձանց 1, 3 տոկոսը, երկրորդ դեղաչափ ստացածների՝ 1, 2 տոկոսը, իսկ 2-րդ դեղաչափը ստանալուց 14 օր հետո վարակվել է նրանց 1, 1 տոկոսը:
Ամբողջական պատվաստված ու հետո վարակված անձանցից հոսպիտալացվել է 0, 12 տոկոսը, իսկ վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել 0, 011 տոկոսը: