25/12/2021 16:01
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը տանելու է գնաճի անկառավարելիության խորացման. Բաբկեն Պիպոյան
Էլեկտրաէներգիայի թանկացումը, բնականաբար, իր բացասական ազդեցությունը կունենա ազգաբնակչության կյանքի որակի վրա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով փետրվարից 1-ից էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման թեմային։
«Անպայման մեծ աղմուկ կլինի, ավելի մեծ թիվ կներկայացվի, բայց, ի վերջո, մի փոքր ավելի ցածր սակագին կֆիքսվի՝ իբրև թե իրավիճակը մեղմելու իմիտացիա ստեղծելու համար», - ասաց նա։
Պիպոյանի խոսքով՝ օրինակ, հացի արտադրամասը, որը 400 կՎ-ից ավելի հոսանք է ծախսում, բնական է, որ իր այդ ծախսը մտցնելու է արտադրանքի ինքնարժեքի մեջ։
«Այսինքն՝ ստացվում է, որ թանկացած հոսանքի համար վճարում է սպառողը։ Որպեսզի հասկանանք ընդհանուր իրավիճակը, պետք է հիշենք վերջին մեկ տարվա կտրվածքով 15 տոկոս պարենային ապրանքների գնաճը, եկամուտների համարժեք աճի բացակայությունը։ Այս պարագայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հերթական գնաճն է, որը ոչ միայն ուղիղ գնաճ է, այլև կողմնակի ազդեցություններ է ունենալու։ Այսինքն՝ սա գնաճի անկառավարելիության խորացման է տանելու», - ասաց մեր զրուցակիցը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ պատասխանատու օղակները հոսանքի թանկացումը խնդիր չեն դիտարկում, այնինչ՝ քանի դեռ մի բան որպես խնդիր չի ախտորոշվում, այն լուծելու ցանկություն չի էլ լինում։
Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա։
ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանն ավելի վաղ հայտնել էր, որ միջին կշռված սակագինը ավելանալու է 4,7 դրամով։
«Ըստ լարումների՝ տարբերակված գներ գոյություն ունեն։ Բոլոր սպառողների համար միջին գինը մոտ 1 ԿՎՏժ-ի համար 41 դրամ է ստացվում և դա 4,7 դրամով պետք է ավելանա», - նշել էր Ուլիխանյանը։