25/12/2021 14:15
Հայաստանում 6 անձի մոտ է պատվաստումից առաջացել անաֆիլաքսիա. պատվաստվելուց հետո որոշ ժամանակ պետք է մնալ բուժհաստատությունում
Հայաստանում կորոնավիրուսի դեմ իրականացված շուրջ 1, 5 մլն պատվաստման պարագայում անաֆիլաքսիա, այսինքն՝ օրգանիզմի գերզգայուն ռեակցիա, առաջացել է ընդամենը 6 դեպքում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
«Մենք մոտ 1, 5 մլն պատվաստման պարագայում ունեցել ենք 6 անաֆիլաքսիա, ոչ մեկ նույնիսկ հիվանդանոցում չի հայտնվել: Եթե տվյալ պահին անմիջապես անհրաժեշտ դեղամիջոցը ներարկվում է, օգնություն է ցուցաբերվում, մոտ 1 ժամվա ընթացքում վիճակը կարգավորվում է և անձը կարող տուն գնալ», - ասաց նա։
Անաֆիլաքսիայի վտանգ կարող է լինել պատվաստումից 15 րոպեից հետո մինչև 40 րոպեի ընթացքում. այն հիմնականում պատվաստանյութի բաղադրիչներից մեկի նկատմամբ օրգանիզմի գերզգայուն ռեակցիան է: Այդ դեպքում, օրինակ, իջնում է զարկերակային ճնշումը, կարող է առաջանալ շնչահեղձություն և այլն:
ՀՎԿԱԿ-ի իմունկանխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարականաբանության բաժնի ներկայացուցիչ Պիրիջիտա Սիմոնյանը էլ նշեց, թե անաֆիլաքսիան շատ սուր ու արագ զարգացող պրոցես է:
«Առաջին 40 րոպեում է կյանքի համար վտանգ ներկայացնում, եթե առաջին օգնություն չցուցաբերվի, ամեն ինչ կարող է պատահել: Դրա համար են պացիենտին հորդորում պատվաստումից հետո որոշ ժամանակ մնալ բուժհաստատությունում, որ հարկ եղած դեպքում բուժօգնություն ստանան: Որքան պրոցեսը երկարում է, այնքան անաֆիլաքսիայի ուժգնությունը մեղմանում է: Նույնիսկ, եթե պացիենտը տանն է, իրեն վատ է զգում, Շտապօնությունը կարող է օգնություն ցույց տալ, կամ ինքը կարող է դիմել բուժհաստատություն», - մանրամասնեց մասնագետը:
Նշենք, որ ՀՀ բոլոր բուժհաստատություններն ապահովված են պացիենտին անաֆիլաքսիայից հանելու համար նախատեսված դեղորայքով: