25/12/2021 11:51
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված է բուժաշխատողների 90,5 տոկոսը. Ռոմելլա Աբովյան
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված է բուժաշխատողների 90,5 տոկոսը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի» վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Նրա ներկայացրած վիճակագրության համափայն՝ Հայաստանում 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի դեկտեմբերը բուժաշխատողների շրջանում գրանցվել է վարակման ընդհանուր 7481 դեպք, որից 31 տոկոսը կամ 2297-ը կազմում են բժիշկները, 43 տոկոսը կամ 3238-ը՝ բուժքույրերը, 12 տոկոսը կամ 893-ը՝ մայրապետները, այլ աշխատողները՝ 14 տոկոս կամ 1053:
Աբովյանի խոսքով՝ բարձր հիվանդացություն է եղել հատկապես 2020-ի հոկտեմբերին, որից հետո նկատվել է դեպքերի նվազում, բայց յուրաքանչյուր ալիքի ժամանակ, բնականաբար, բուժաշխատողների հիվանդացությունը բարձրացել է:
«90, 5 տոկոս բուժաշխատողների ընգրկվածություն ունենք պատվաստումներում, ինչի արդյունքում հիվանդացության եզակի դեպքեր են արձանագրվում: Արձանագրված դեպքերում հիմնականում աշխատողները պատվաստված չեն լինում», - նշեց Աբովյանը: