25/12/2021 15:52
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների բարձր ակտիվություն. իրավիճակը բավականին բարդ է, պետք է պատվաստվել գրիպի դեմ. Ռոմելլա Աբովյան
Հայաստանում այս տարի նկատվում է սուր շնչառական վարակների բարձր ակտիվություն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ՀՎԿ ազգայինն կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Նա նշեց, որ Հայաստանը շեմից բարձր գոտում է գտնվում մոտավորապես 1, 7 անգամ. եթե շեմը բարձր է լինում, պետք է հստակ միջոցառումներ ձեռնարկել:
Ըստ մասնագետի՝ նախորդ տարի բոլոր վարակիչ հիվանդությունների առումով Հայաստանում կտրուկ նվազում կար, այդ թվում, սուր շնչառական վարակների:
«Բայց այս տարի իրավիճակը բավականին բարդ է ու դա կանխտեսում է, որ պետք է ավելի ակտիվ աշխատենք բնակչության հետ, որ պատվաստվեն գրիպի դեմ», - ասաց Աբովյանը:
Գրիպանման հիվանդությունների 5 դետքային կետ կա. դրանք առաջնային պահպանման օղակում են ներդված, իսկ ծանր սուր շնչառական վարակների ութ բժշկական կազմակերպություն կա, որից մեկն այս պահին զբաղվում է կորոնավիրուսի հիվանդությամբ. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն է:
Աբովյանի խոսքով՝ բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, որ կորոնավիրուսով վարակված հիվանդները նաև գրիպով են վարակված եղել:
Նա նշեց, թե ամենօրյա մոնիթորինգ են անում, նաև դպրոցական ու նախադպրոցական կազմակերպություննրում ամենօրյա բացակայությունների մոնիթորիգ են իրականացնում. Երեկվա դրությամբ հիմնականում բացակայությունները պայմանավորված են սուր շնչառական վարակներով, կորոնավիրուսի դեպքեր դպրոցներում չկա:
Ի դեպ, նշվեց, որ հնարավոր են նաև համավարակի դեպքեր. Կարող է պացիենտի մոտ հաստատվել և գրիպ, և կորոնավիրուս. այս դեպքում հիվանդությունն ավելի ծանր են տանում ու օրգանիզմը պայքարում է երկու հիվանդության դեմ: Նման դեպք եղել է հղիների շրջանում, այս պահի դրությամբ ծանր դեպք չկա, հղիները դուրս են գրվել:
2020-2021 թվականների սեզոնի ընթացքում Հայաստանում արձանագրվել է 76 գրիպի դեպք, ընդ որում, այս տարի շրջանառվում է գրիպի A տեսակը, որն ավելի արագ է տարածվում: