25/12/2021 12:58
Ստեփանակերտում բացվել է «Հայրենիքը դժգույն չի լինում» խորագրով ցուցահանդեսը. Լուսանկարներ
Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում բացվել է Արցախի ժամանակակից գեղանկարիչներ Գայանե Շուշեցու, Զորիկ Գալստյանի, Հրանտ Մնացականյանի, Ռաֆայել Պետրոսյանի, Մերի Մուսայելյանի, Սերգեյ Առուստամյանի, Օնիկ Գասպարյանի, Լիանա Քոչարյանի, Դավիթ Առստամյանի և Սամվել Թավադյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ «Հայրենիքը դժգույն չի լինում» խորագրով։
Բացմանը նախ հարգանքի տուրք է մատուցվել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին:
«Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանի խոսքով՝ ցուցահանդեսին ներկայացված գրեթե բոլոր նկարիչների բոլոր գործերում բարձրագույն կատեգորիան է Հայրենիքը․ այն հայրենիքը, որը պետք է շենացնենք։
Քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը բարձր է գնահատել նկարիչների աշխատանքները՝ նշելով, որ նկարների գունային երանգները ապրեցնող են։ Երիտասարդ նկարչուհի Մերի Մուսայելյանը մեզ հետ զրույցում անկեղծացավ՝ պատերազմից հետո ցուցահանդեսին մասնակցելը նման է վերածննդի։ «Պատերազմից հետո շատ դժվար է ծանր հոգեվիճակով ստեղծագործելը։ Բայց մենք՝ նկարիչներս, մեր վրձնով պետք է ապացուցենք, որ Արցախը միշտ վառ է ու տաք»,-նշել է նկարչուհին։
Ցուցահանդեսը կտևի 15 օր։ Այն կազմակերպվել է Արցախի նկարիչների միության և Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի նախաձեռնությամբ։