27/12/2021 14:01
Նիկոլ Փաշինյանին շատ հանգիստ կարելի է մեղադրել և հողերը հանձնելու, և չհանձնելու համար. մի մեծ ուսապարկ մեղադրանք կա. Ռոբերտ Քոչարյան
Ըստ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանին շատ հանգիստ կարելի է մեղադրել և հողերը հանձնելու, և չհանձնելու համար։
«Հանձնելու համար պատերազմի արդյունքով, չհանձնելու համար պատերազմը կանգնեցնելու պահով. մի մեծ ուսապարկ մեղադրանքներ կա, այդ մարդիկ քրեական օրենսգրքի վեշ-մեշոկը շալակած ման են գալիս», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանը։
Նա նշեց, թե, իրականում, իշխանությունը վախենալու բան ունի։
«Չես կարող այս աղետը բերել քո երկրի ու ժողովրդի գլխին ու չվախենաս, հնարավոր չէ։ Ճիշտ են անում, որ վախենում են ու դա արտահայտվում է հազարավոր ոստիկաններով տեղաշարժով, որևէ իշխանություն երբեք այսպիսի ուժեր չի օգտագործել սեփական անվտանգությունն ապահովելու համար», - ընդգծեց նա։
Ռոբերտ Քոչարյանը նշեց՝ այս իշխանությունը Հայաստանի համար չափազանց թանկ է նստում։
«Այդ ֆոբիաների գինը մենք բոլորս ենք տալիս՝ մեր ոտնահարված արժանպատվությամբ, սա է իրականությունը», - ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Անհիմն է, որ ինձ մեղադրում են հողերը հանձնելու մեջ, ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ և դա կլինի լեգիտիմ»։