27/12/2021 15:00
Աշխատավարձերի ֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չկա. ՊՆ
Ի պատասխան լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկության, թե ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողների դեկտեմբեր ամսվա աշխատավարձը փոխանցվել է միայն մասամբ, ինչպես նաև պնդումների, թե դա պայմանավորված է թերի ֆինանսավորմամբ, ՊՆ-ից հայտնում են, որ աշխատավարձերի ֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չկա, իսկ պայմանագրայինների դեկտեմբեր ամսվա վարձատրության հետ կապված առկա է թյուրըմբռնում, քանի որ տվյալ վարձատրությունը ձևավորվում է երկու հիմնական գումարից՝ բուն աշխատավարձից և հավելավճարից, որը կախված է ծառայության պայմաններից և տեղանքից։
«Ըստ այդմ՝ զինծառայողների դեկտեմբեր ամսվա բուն աշխատավարձը լիարժեք փոխանցվել է, իսկ հավելավճարները, ըստ գործող կարգի, վճարվելու են հաջորդ ամսվա (տվյալ դեպքում՝ հունվարի) սկզբին, երբ կհաշվարկվի զինծառայողների ծառայության փաստացի օրերի քանակը։ Այսինքն՝ դեկտեմբեր ամսվա հավելավճարները, տվյալ դեպքում, կվճարվեն մինչև 2022 թվականի հունվար ամսվա 7-րդ աշխատանքային օրը։
Միևնույն ժամանակ, իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը, թե ՊՆ առանձին ստորաբաժանում, այս դեպքում՝ ռազմական ոստիկանությունը, պարգևավճար է ստացել», - ասված է ՊՆ պարզաբանման մեջ: