27/12/2021 18:10
Նիկոլ Փաշինյանը ռումբ է դնում Արցախի անկախության հանրաքվեի տակ․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանը փաստերով արձագանքեց Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը, համաձայն որի, եթե Արցախի ադրբեջանցի բնակիչները վերադառնային Արցախ կամ մասնակցեին հանրաքվեի, դա չէր նշանակի, որ Արցախը կլինի հայկական։
«Առաջինը՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ Արցախում տեղի ունեցավ անկախության առաջին հանրաքվեն, Արցախում հայկական և ադրբեջանական բնակչության համամասնությունն այսպիսին էր․ մոտավորապես 76 տոկոսը հայազգի բնակիչներ էին, մոտավորապես 21-22 տոկոսն ադրբեջանցիներ էին, մնացածը՝ ռուսներ, քրդեր, ազգային այլ փոքրամասնություններ։ Արցախը 1991 թվականին հռչակել է իր անկախությունը՝ ունենալով 21-22 տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն, երբ այդ տհասը խոսում է այն մասին, որ եթե ադրբեջանցիներն այդ համամասնությամբ մասնակցեին հանրաքվեին, ապա Արցախն այլևս հայկական լինել չէր կարող, կատարյալ անբարոյականություն է»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Աշոտյանը հիշեցրեց նաև, որ 1991 թվականին Արցախի ադրբեջանական բնակչությունը՝ «ադրբեջանական համայնքը», ունենալով քվեարկության իրավունք, չգնաց քվեարկության, իսկ հայազգի բնակչությունը Արցախը հռչակեց անկախ։
«Այսինքն, երբ Նիկոլ Փաշինյանն այդ ապուշությունը դուրս է տալիս, նա դա դիտմամբ է անում՝ ոչ միայն խաբելով ընթացիկ բանակցային գործընթացին․ նա ռումբ է դնում Արցախի անկախության հանրաքվեի տակ։ Դա առաջին դավաճանությունն է։ Երկրորդը՝ իսկ ո՞վ ասաց, որ այդ «ադրբեջանական բնակչությունը»՝ բոլորը վերադառնալու էին, եթե Արցախի կարգավիճակի հետ կապված Սերժ Սարգսյանի թողած փաթեթը ստորագրվեր։ Պարզ չէ՞ր, որ դա երկարատև ու շատ դժվար պրոցես է»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։
Որպես հիմնավորում և ապացույց՝ նա նշեց․ 44 -օրյա պատերազմից անցել է մեկ տարուց ավելի, Ադրբեջանը բռնազավթել է տարածքներ, որոնք անվանում է «ազատագրված» և որոնք այսօր վերահսկում է ադրբեջանական զինուժը, սակայն նույնիսկ ադրբեջանական մամուլի ամենաքննարկվող թեմաներից մեկն այն է, որ «ադրբեջանցի փախստականները» չեն վերադառնում այդ տարածքներ։
«Եթե այդ փախստականները չեն գնում ապրելու իրենց զորքի վերահսկած տարածք, գալու էին հայկական զորքի վերահսկողության տակ գտնվող տարածքո՞ւմ ապրելու։ Այդպիսի մարդ կա՞, բացի Նիկոլից, որ հավատում է դրան»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Նա հարցը տեսականում էլ դիտարկեց՝ եթե նույնիսկ մինչև 1991 թվականն Արցախում ապրող բոլոր ադրբեջանցիները վերադառնային, համամասնությունը հայերի հետ կրկին կազմելու էր մոտավորապես 78/22 կամ 76/24։ Աշխարհի բազմաթիվ ազգային պետություններ կան, որոնք մոնոէթնիկ չեն և նման համամասնությամբ բնակչություն ունեն, սակայն ոչ մի պետություն երբեք չի հայտարարի, որ այդպիսով դադարում է ազգային լինել։ Նույն կերպ՝ նույնիսկ բոլոր ադրբեջանցիների վերադառնալու պարագայում Արցախը չէր կարող հայկական չլինել։
«Ես ձեզ 3 փաստով ապացուցեցի, որ այսպես կոչված ադրբեջանական բնակչության մասնակցությունն Արցախի հայկական ապագային որևէ որոշիչ նշանակություն ունենալ չէր կարող։ Բայց Փաշինյանը հերթական ապուշությունն է գրել, որ եթե հանրաքվեն 100 տարի հետո լիներ, համամասնությունը փոխված կլիներ։ Այդ փաստաթղթի, նախագծի մեջ գրված է, որ մասնակիցներն այն համամասնությամբ են, որը եղել է Սովետական միության վերջին՝ 1989 թվականի մարդահամարի տվյալներով։ Նիկոլը ստում է և ստում է դավադրաբար»,- ասաց Արմեն Աշոտյանը։