27/12/2021 19:10
Արցախին առնչվող գործողություններն ու քննարկումները պետք է ունենան ազգային շահերի հիման վրա ձևավորված նպատակներ, կարմիր գծեր՝ վեր կարճաժամկետ շահերից․ Արցախի պետնախարար
Արցախի պետտնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում ընդգծել է, որ յուրաքանչյուր հայի համար արցախահայության կամքն ու ձգտումները պետք է լինեն անձեռնմխելի, իսկ Արցախին առնչվող գործողությունները պետք է վեր լինեն կարճաժամկետ ներքաղաքական շահերից։
«Որևէ մեկը կասկած ունի՞, որ արցախահայությունը շարունակում և շարունակելու է իր պայքարը հանուն Արցախի հայկական ապագայի, անկախության միջազգային ճանաչման և, վերջիվերջո, Մայր Հայաստանի հետ միացման։
Յուրաքանչյուր հայի համար արցախահայության կամքն ու ձգտումները պետք է լինեն անձեռնմխելի և հիմք՝ Հայրենիքին աջակցելու մղումներում ու ջանքերում:
Արցախին առնչվող գործողություններն ու քննարկումները պետք է ունենան հստակ ու ազգային շահերի հիման վրա ձևավորված նպատակներ, սկզբունքներ ու կարմիր գծեր՝ վեր ցանկացած տիպի նեղ ու կարճաժամկետ շահերից, այդ թվում՝ ներքաղաքական:
Եվ սա վերաբերում է թե՛ արցախյան, թե՛ հայաստանյան և թե՛ սփյուռքյան քաղաքական ուժերին ու գործիչներին՝ ինձնից սկսած:
Յուրաքանչյուր հայ, ով կարծում է, որ Արցախը պետք է մնա հայկական, ունի անելիք, և դա առաջին հերթին չվնասելն է, հետո՝ աջակցելը»,- գրել է Արտակ Բեգլարյանը։