27/12/2021 12:22
Որոշ ուղղություններով մենք ի վիճակի ենք ինչ-որ բան շտկել՝ նաև Արցախի կարգավիճակի մասով. ՀՀ երկրորդ նախագահ
Այս իշխանությունների դիրքրորշումն Արցախի վերաբերյալ բոլորի համար պարզ է։ Հիմա արժի՞ փորձել ուղղակի չեզոքացնել այդ վտանգը և գնալ մեկ այլ ճանապարհով, թե ուղղակի այսպես հոսանքի մեջ մնանք, տարեվերջյան ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի ապագայի վերաբերյալ հարցին։
«Երկընտրանքը սրա մեջ է։ Մի կողմից արդեն պարզ է, թե սրանք ինչ են ուզում և ուր են մեզ տանում, մյուս կողմից՝ ասում ենք, թե կան ուրիշ ուժեր, որոնք փորձելու են փոխել այս վտանգավոր ճանապարհը։ Հիմա անե՞նք, թե՞ չանենք։ Մեր ելակետը դա պետք է լինի՝ թույլ տալ սա անել, թե՝ ոչ», - նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Նա ասաց՝ տեսնում է հնարավորություն ակտիվ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ ինչ-որ բան այս իրավիճակում փրկել։
«Տեսնում եմ այդ ճանապարհը։ Այս իշխանությունը չի էլ փորձելու դա անել, որովհետև այս մարդիկ իրենց ամբողջ գիտակից կյանքը մտածել են այնպես, ինչն այսօր իրենք անում են։ Իրենցից սպասելիքը զրոյական է։ Իմ առաջարկն է՝ փոխենք, տանք հնարավորություն այն մարդկանց, որոնք իրենց ամբողջ կյանքով ցույց են տվել, որ այլ կերպ են մտածում։ Այդ ճանապարհը շատ բարդ է լինելու, առանց կորստի չենք ստանալու այն, ինչի հնարավորությունը մենք կորցրել ենք, բայց, այո, որոշ ուղղություններով մենք ի վիճակի ենք ինչ-որ բան շտկել՝ նաև Արցախի կարգավիճակի մասով։ Տեսնում եմ քայլերի հերթականություն, որով կարելի է ինչ-որ բան փրկել, այս իշխանությունը չի էլ փորձելու», - ասաց Ռոբերտ Քոչարյան: