27/12/2021 17:00
«Վայլդբերիզի» հանձնման կետեր կստեղծվեն «ՀայՓոստի» բաժանմունքներում․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Դեկտեմբերի 27-ին «ՀայՓոստ»-ը ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում համագործակցության հուշագիր ստորագրեց ռուսաստանյան առցանց առևտրի խոշորագույն հարթակի՝ «Վայլդբերրիզի» («Wildberries») հետ: Հուշագիրը ստորագրեցին «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և «Վայլդբերիզ» ՍՊԸ հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը:
Ըստ հուշագրի, կողմերը պետք է համագործակցեն էլեկտրոնային առևտրի և փոստային կապի ոլորտներում: Ռուսաստանի էլեկտրոնային առևտրի խոշորագույն ցանցի՝ «Վայլդբերիզի» հանձնման կետեր կստեղծվեն «ՀայՓոստի» բաժանմունքներում: «ՀայՓոստի» մասնակցությամբ Հայաստանում կիրականացվի ներդրումային մեծ ծրագիր, կստեղծվի համատեղ լոգիստիկ կենտրոն: Նախատեսվում է նաև «Վայլդբերիզի» ցանցով վաճառվող ապրանքներն այլ երկրներ արտահանելու համար լոգիստիկ շղթայի համատեղ կառուցում, ինչը կնպաստի նաև հայկական արտադրանքի վաճառքին «Վայլդբերիզի» ցանցով:
Տատյանա Բակալչուկընշեց, որ «ՀայՓոստը» դառնում է Վայլդբերիզի ռազմավարական գործընկերը, և այդ համագործակցությունից պետք է սպասել երկուստեք դրական զարգացումներ:
«ՀայՓոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի խոսքով՝ «Վայլդբերիզի» հետ համագործակցությունը խթան կդառնա Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման համար:
«Մենք արդեն մեկ տարի է, ինչ աշխատում ենք այս ուղղությամբ և 2022 թվականի առաջին եռամսյակում արդեն կունենանք «Վայլդբերիզի» հանձնման 40 կետ «ՀայՓոստի» բաժանմունքներում: Շատ էական է, որ խոշորագույն այս ընկերությունը որոշ հատվածներում կօգտվի հայկական թվային արտադրանքից: Կարևոր է նաև, որ հայկական բազմաթիվ ապրանքանիշեր կկարողանան օգտվել «Վայլդբերիզ» ցանցի ընձեռած հնարավորություններից»,-ասաց նա։
Նախատեսվում է նաև «ՀայՓոստ»-ի «iNovation» դուստր ձեռնարկության թվային լուծումների և արտադրանքի կիրառում «Վայլդբերիզի» ցանցում: