27/12/2021 20:38
Արցախից ստացվող արձագանքը օրինաչափ է և բնական, բայց շատ վատ է, որ միայն այսօր են հայտարարություններ հնչում կամ մտահոգություններ ի հայտ գալիս. Քաղաքագետ
Արցախի Հանրապետության նախագահի, խորհրդարանի և ՄԻՊ-ի արձագանքը Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին խոսում է այլընտրանքի բացակայության մասին և ուղիղ հետևանքն է գոյաբանական վտանգի և լինելիության, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
«Հետևաբար այլ պատասխան կամ դիրքորոշում ուղղակի անտրամաբանական կլիներ։ Արցախից ստացվող արձագանքը օրինաչափ է և բնական, բայց շատ վատ է, որ միայն այսօր են հնչում հայտարարություններ կամ ի հայտ գալիս մտահոգություններ։ Արցախում դրանք շատ ավելի շուտ պետք է ի հայտ եկած լինեին, բայց քանի որ մեր քաղաքական մտքին հատուկ «դանակը հասնում է ոսկորին» վիճակը, նոր են միայն փորձում իրականությունը գիտակցել»,- ասաց նա։
Սուրեն Պետրոսյանի համոզմամբ՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետը փորձ էր կատարում լեգիտիմացնել Արցախի հանձնումը։
«Սա այդ գործընթացի սկիզբն էր, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ Թուրքիան որևէ պարագայում չէր գնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման։ Այս 30 տարվա ընթացքում նա քայլ չի արել, որովհետև իր նախապայմանները բավարարված չեն եղել։ Այսօր՝ թուլացած Հայաստանի պայմաններում, Թուրքիայի նախապայմանները ոչ միայն չեն փոխվել, այլև ավելացել են՝ նաև «միջանցքային» նախապայմանի տեսքով։
Եվ ուղղակի ակնհայտ է, որ Հայաստանը համաձայնել է դրան՝ ֆորմալ կամ ոչ ֆորմալ։ Բայց որ գործընթացները սկսել են, կասկածից վեր է։ Այսինքն՝ այն, ինչ արդեն պայմանավորվել են, ըստ իս՝ պետք է նաև լեգիտիմացվի և այնպես մատուցվի, որ մենք այլընտրանք չունենք։
Կարծում եմ՝ նաև սրանով էր պայմանավորված Ժիրայր Լիպարիտյանի այցը Հայաստան, որը մեկ այլ մակարդակում էր փորձում լեգիտիմացնել առկա գործընթացները։ Բայց էմոցիոնալ դաշտից դուրս գալով՝ մենք պետք է հասկանանք, որ առանց Արցախի՝ Հայաստան և հայկականություն լինել չեն կարող։ Չլինի Արցախը, չի լինելու մնացածը»,- ամփոփեց քաղաքագետը։