27/12/2021 11:21
ԱՄՆ-ն իր հետաքրքրությունն ունի մեր տարածաշրջանում և դրանք կարող է կյանքի կոչել այն դեպքում, երբ այստեղ կոնֆլիկտներ չկան. Սուրեն Սարգսյան
Հաջորդ տարի հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումներ կլինեն: Եթե նայենք պատմությանը, ապա կտեսնենք, որ հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումների պիկը գալիս էր հենց այն ժամանակ, երբ կար Արցախի հարցում առաջընթացի հնարավորություն կամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկար, Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Ասածիս ապացույցներն էին Տեր-Պետրոսյանի 1994թ այցը Վաշինգտոն (նրա մոտեցումներն այդ երկու հարցերի շուրջ աջակցություն էին ստանում Քլինթոնի վարչակազմի կողմից), նույնը կարելի է ասել Քոչարյանի 2002թ. Քի Ուեստի հանդիպման մասին և նույնը կարելի է ասել Սարգսյան-Օբամա հանդիպման մասին՝ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, որին հաջորդեցին պետքարտուղար Քլինթոնի երկու այցերը:
Ինչպես մի ամգամ ինձ ասաց նախկին պետքարտուղարի տեղակալը, «մեր նախագահը երբեք իր հեղինակությունը չի դնի «չլինող» պրոցեսում: Իսկ, եթե պրոցեսը ԱՄՆ շահերի համար դրական ելք ունենա, նախագահը անձամբ կներքաշվի»:
Հաշվի առնելով սա, առաջիկայում կանխատեսում եմ հայ-ամերիկյան երկկողմ բարձր մակարդակի շփումներ՝ պայմանավորված նույն օրակարգային հարցերով: Շփումները մեր իշխանությունների նկատմամբ դրական վերաբերմունք չեն նշանակում: ԱՄՆ-ն իր հետաքրքրություններն ունի մեր տարածաշրջանում և դրանք կարող է կյանքի կոչել այն դեպքում, երբ այստեղ կոնֆլիկտներ չկան: Չի կարող հայ-թուրքական հաշտեցման գործընթաց կամ Արցախի հարցի ինչ որ լուծում լինի առանց ԱՄՆ նախագահի ներգրավման, մանավանդ, երբ Բայդենն է Էրդողանին կոչ արել հայ-թուրքական գործընթաց սկսել:
Առաջիկայում մեր պաշտոնյաներին հրավիրելու են Վաշինգտոն, քաջալերեն հստակ և արագ քայլեր ձեռնարկել: Նույնը իհարկե Թուրքիայի և Ադրբեջանի մասով: Վերջիվերջո նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Սոչիի պայմանավորվածությունները արդեն իսկ լեգիտիմացվել են Բրյուսելի և Փարիզի կողմից և հիմա Վաշինգտոնի հերթն է», - գրել է Սարգսյանը: