27/12/2021 17:57
Արայիկ Հարությունյանը փորձում է փրկել իր դիրքերն ու «հեղինակությունը», որովհետև այսքանից հետո լռելը պարզապես անհանդուրժելի կլիներ. Ալեքսանդր Քանանյան
Արցախի Հանարապետության նախագահ Արայիկ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 10-ին Արցախի հեռուստատեսությամբ լիակատար աջակցություն հայտնեց Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն դավաճանագրին, հետևաբար տեղի ունեցածի համար Հարությունյանը լիովին հանցակից է ՀՀ վարչապետին։ Այժմ, հակադարձելով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի և արցախահայության վերաբերյալ վերջին գնահատականներին, նա փորձում է Արցախում փրկել իր դիրքերն ու «հեղինակությունը», որովհետև այսքանից հետո լռելը պարզապես անհանդուրժելի կլիներ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով ԱՀ նախագահի, Արցախի խորրդարանի և ՄԻՊ-ի կողմից Փաշինյանի կեցվածքը դատապարտող հայտարարություններին։
«Բայց ես վստահեցնում եմ, որ Հարությունյանը նախապես խորհրդակցել է Նիկոլ Փաշինյանի հետ և ասել, որ ցանկալի կլինի՝ ինքը հակադարձող գնահատականներով հանդես գա։ Արայիկ Հարությունյանի խոսքերը, սակայն, որևէ արժեք, հիմք կամ հետևանք չեն կարող ունենալ, ինչը և կարելի է ասել Արցախի ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների մասին»,- ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով ՀՀ և ԱՀ մարդու իրավունքների պաշտպանների հայտարարությանը՝ Ալեքսանդր Քանանյանը շեշտեց՝ վերջիններիս չի կարող նույնացնել Արայիկ Հարությունյանի կամ Նիկոլ Փաշինյանի հետ։
Մեր զրուցակիցը միաժամանակ հավելեց՝ ի դեմս Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի և ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի՝ չի կարող պնդել, որ վերոնշյալ բոլոր սուբյեկտների կողմից հայտարարությունները կեղծավոր են։
«Բայց կոնկրետ Արայիկ Հարությունյանի պարագայում, անգամ եթե կեղծավորություն չէ, դա որևէ կերպ չի նվազեցնում նրա անսահման մեղսավորությունը, որի համար նա պետք է կրի պատմական, իրավական և մարդկային խստագույն պատիժ»,- ամփոփեց Ալեքսանդր Քանանյանը։