27/12/2021 11:49
Այս իշխանությունների կախարդական փայտիկը ռևերսի ռեժիմով է աշխատում. շփոթել են երկնիշ թվերը գնաճի և տնտեսական աճի միջև. Քոչարյան
Անցած տարի տնտեսական անկումը եղել է 7.4 տոկոս, այս տարի կանխատեսվում է 4.2 տոկոս տնտեսական աճ, իսկ այն, ինչ կլինի դրանից ավելի, ուղղակի նկարած է լինելու, տարեվերջյան մամուլի ասուսլին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Նույնիսկ 2019 թվականի ցուցանիշներին հասնելու համար պետք է այս տարի ապահովեինք ավելի քան 8 տոկոսանոց աճ։ Չենք ապահովել, վստահ եմ, որ հաջորդ տարի ևս չենք չենք ապահովելու, և ստացվի, որ 2020-22 թվականները լինելու են տեղում կանգնած տարիներ», - ասաց նա։
Քոչարյանը հիշեցրեց՝ 2018 թվականին կախարդական փայտիկի մասին էր խոսվում, ապա շարունակեց.
«Հիմա պարզվեց, որ այդ փայտիկը ռևերսի ռեժիմով է աշխատում, դա ոչ թե մեր տնտեսությունը մեծացնելու, ժողովրդին հաստացնելու համար էր, այլ՝ ճիշտ հակառակը՝ աղքատացնելու և տնտեսության ծավալնելու փոքրացնելու կախարդական փայտիկ էր»:
Երկրորդ նախագահն ասաց, թե հաշվի առնելով, որ պետական պարտքը վերջին երեք տարում աճել է 2.3 մլրդ դոլարով, հետևաբար, 4 տոկոսանոց կանխատեսվող տնտեսական աճի զգալի մասը պայմանավորված է պարտքի մեծացմամբ։
Ինչ վերաբերում է գնաճին, Քոչարյանն ասաց, թե պաշտոնական թվերով ներկայացված 9.6 տոկոսի արժանահավատությունը կասկածի տակ է.
«Ես տասը տարի նախագահ եմ եղել և չեմ պատկերացնում՝ ինչ պետք է անես, որ ունենաս 9.6 տոկոս գնաճ։ Միջին գնաճը 2-3 տոկոս է։ Նման գնաճի պարագայում որպես պետություն դու պարտավոր ես ինդեքսավորել թոշակները և աշխատավարձերը։ Դա չի արվում, և ինչպես ես հասկանում եմ՝ չի էլ սպասվում»։
Այս իշխանությունը, երկրորդ նախագահի խոսքով, շփոթել է երկնիշ թվերը գնաճի և տնտեսական աճի միջև։
«Հակառակը պետք է լիներ, երկնիշ թվերով պետք է աճեր ոչ թե գնաճը, այլ՝ տնտեսությունը։ Կարիք ունենք լրիվ այլ տնտեսական աճի տեմպերի, հակառակ դեպքում մեր անվտանգային հարցերը որևէ կերպ հնարավորություն չենք ունենա լուծելու», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։