28/12/2021 09:34
«Հրապարակ». Մոսկվայում հայ մտավորականների հետ հանդիպանը ադրբեջանական պատվիրակությունը չի թաքցրել, որ հետևում է հայաստանյան հասարակական արձագանքներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Մոսկվայում հայ մտավորականների հետ հանդիպման եկած ադրբեջանական պատվիրակությունը մանրամասն տեղեկացված է եղել, թե ովքեր են հայկական պատվիրակության անդամները: Բոլոր 4 մասնակիցների կենսագրությունների, պաշտոնների, կարգավիճակի, հրապարակային գործունեության մասին տեղյակ են եղել:
Հանդիպման ժամանակ փորձել են ավելի խորացնել իրենց իմացությունը` ով երբ է նշանակվել պաշտոնին, ինչ հարաբերությունների մեջ է գործող իշխանությունների հետ: Հետաքրքրվել են, թե նախկին նմանատիպ հանդիպումների մասնակիցներն ինչու ներգրավված չեն այս գործընթացում (նման հանդիպումներ են եղել 2004, 2006, 2008 թթ․): Ասել են, որ տեղյակ են, որ վերջիններիս նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, հետաքրքրվել են դրանցով:
Չեն թաքցրել, որ հետևում են հայաստանյան հասարակական արձագանքներին և մասնավորապես այն բացասական վերաբերմունքին, որին արժանանում են հայ մտավորականները` իրենց հետ հանդիպելու համար: Հանդիպման ընթացքում կարևոր դերակատարում է ունեցել Միխայիլ Շվիդկոյը, որն աչալրջորեն հետևել է, որ խոսակցությունը դուրս չգա բարեկրթության հունից և տհաճ ավարտ չունենա»։