28/12/2021 20:27
Եթե թուրքական ընկերությունները ներխուժեն Հայաստան, տեղացի արտադրողները սարսափելի ծանր իրավիճակի առջև կկանգնեն․ պատգամավոր
«Պատերազմից հետո, երբ Փաշինյանն սկսեց խոսել խաղաղության դարաշրջանի մասին, մենք ասում էինք, որ պատրաստվում է Թուրքիայի հետ սիրախաղ սկսել։ Թուրքիայի նախապայմանները հայտնի են՝ Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունում, ցեղասպանության ճանաչման ուղղված աշխատանքների կասեցում։ Հիմա էլ են ավելացրել են Թուրքիայի և թուրքական աշխարհի միջև ցամաքային ճանապարհի տրամադրումը։ Պետության տեսանկյունից՝ ճանապարհից որևէ դրական ազդեցություն չի ակնկալվում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորն ընդգծեց՝ կլինեն առանձին բիզնեսմեններ, տնտեսվարողներ, որոնք կշահեն այդ ծրագրից, բայց ակնկալել դրական ազդեցություն՝ Հայաստանի տնտեսության վրա, իրատեսական չէ։ Ավելին, չեն հաշվարկել նույնիսկ ռիսկերը, իսկ դրանք ակնհայտ են։
«Երբ իշխանությանը հարցնում ենք՝ որևէ տնտեսական գնահատական արե՞լ եք, չեն պատասխանում։ Իրենք չեն հաշվարկել ոչ միայն ճանապարհը, այլև հայ-թուրքական առևտրատնտեսական հարաբերությունները։ Եթե թուրքական ընկերությունները ներխուժեն Հայաստան, առնվազն տեքստիլի, առաջնային գյուղատնտեսության, գյուղմթերքի վերամշակման բնագավառներում տեղացի արտադրողները սարսափելի ծանր իրավիճակի առջև կկանգնեն»,- նշեց Խաչատրյանը։