28/12/2021 13:03
Բանակում պետք է կադրային լուրջ փոփոխություններ իրականացվեն. ինչը կար, մեզ բերեց արհավիրքի. Արմեն Խաչատրյան
Պաշտպանության նախարարությունում պետք է իրականացվի լուրջ ու ծավալուն կադրային փոփոխություն, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Մենք անցել ենք պատերազմի միջով, պրակտիկ տեսել ենք՝ որտեղ կան խնդիրներ, բանակում պետք է կադրային լուրջ փոփոխություններ իրականացվեն, բանակում պետք է լինեն այնպիսի կադրեր, որոնք այսօրվան են համահունչ ու կարող են այսօրվա պայմաններում նոր բանակի ձևավորման մեջ լուրջ դերակատարում ունենալ», - ասաց նա:
Պատգամավորն ընդգծեց` հիմա Հայաստանն ունի նոր մարտահրավերներ ու այդ մարտահրավերների պայմաններում պետք է ունենալ նոր կադրեր, նոր մտածելակերպ:
«Հին մեթոդներով մենք երկարատև ժամանակ արդյունքների չենք հասնի, հետևաբար, կադրային փոփոխությունը շատ պահանջված է: Գեներալ կլինի, ավագ լեյտենանտ կլինի, որևէ նշանակություն չունի, պետք ծառայության մեջ լինեն այն մարդիկ, ովքեր ունեն բարեփոխումների տեսլականը. ինչը որ կար, մեզ բերեց արհավիրքի ու պատերազմում տեսանք բավականին լուրջ խնդիրներ` սկսած զորահավաքային խնդիրներից, վերջացրած մարտերի կառավարման խնդիրներով», - ասաց պատգամավորը: