28/12/2021 14:36
Պետք է ազդարարվի արցախյան շարժման նոր փուլի սկիզբը. պատրաստ եմ նոր պայքարի շարքային զինվորը լինել. Կամո Աթայան
Այս օրերին, կարծես, ամբողջանում է հայ ժողովրդի պայքարի վերջին երեք տասնամյակների ու հատկապես անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած հիմնական իրադարձությունների պատկերը:
Եվ այսպես՝ հեթով ու կարգով...
30 տարի առաջ փլուզվեց ԽՍՀՄ-ը ու նրանից անջատված միութենական հանրապետությունները մի ակնթարթում անկախացան՝ նույնիսկ առանց այդ անկախության համար էական պայքարի:
1988-ին, ի դեմս Արցախյան հուժկու շարժման, արդեն սկսվել էր հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը, որը տոտալիտարիզմի պայմաններում ոչ մի լուծում չունեցավ, բայց այդ հզոր գործոնով մենք ոչ միայն անկախ պետություն դարձանք, այլև, մի շարք վերլուծաբանների կարծիքով, նաև նպաստեցինք ԽՍՀՄ-ի փլուզմանը...
1992-ին գերեվարված Հայոց բերդաքաղաքի՝ Շուշիի ազատագրմամբ սկզբնավորվեց հայ ժողովրդի հաղթանակների շարքը և շուտով ինքնահռչակ Արցախի Հանրապետությունը զբաղեցնում էր երբեմնի հայոց հողերից ազատագրված մոտ 12,5 հազար քառ. կմ տարածք.
1994-ի մայիսին Բիշքեկում հրադադարի փաստաթուղթ է ստորագրվում և մինչև 2018 թ. Արցախի պետությունը դժվարությամբ, բայց հաստատուն քայլերով ՀՀ-ի և սփյուռքի գործուն օժանդակությամբ ու մասնակցությամբ զարգանում էր...
Այդ ընթացքում, դժբախտաբար, հայ հասարակության մեջ թափով գլուխ էր բարձացնում նեգատիվը, ոտնատակ էր ընկել արդարությունն` իր տեղը զիջելով թայֆայականությանը, հանուն ընկերության, փողի ու «ախպերության» նսեմացվում էր պետական շահը, կաշառակերությունը մեծ չափեր էր ընդունում, արդեն փաստեր կային դրամի դիմաց քվե վաճառելու և քաղաքական յուրահատուկ շուկայական հարաբերությունների հաստատման մասին, և այդ ամենը կատարվում էր բոլորիս աչքի առաջ, բոլորիս թողտվությամբ...
Արդյունքը երկար սպասեցնել չտվեց. հարգանք և վստահություն չվայելող իշխանությունները, որոնք նորացված՝ իրենց հագով կարած սահմանադրությամբ մի տարի առաջ հաղթել էին ընտրություններում և աստիճանաբար անցում պետք է կատարեին խորհրդարանական կառավարման, միանգամից ֆիասկո են արձանագրում, և փողոցում հայտնված ժողովուրդը իշխանությամբ օծում է մի քանի օր Գյումրիից Երևան քայլած ոչ անհայտ խմբակին...
Շուտով պետական կառավարման բոլոր օղակներում խառնաշփոթ է սկսվում, ամենուր ժողովրդին սկսում են բաժանել սևերի ու սպիտակների, յուրայինների ու թշնամիների, իսկ այդ ընթացքում իրական արտաքին թշնամիներն, օգտվելով Դուշանբեում վերելակային պայմանավորվածություններից, և զգալով հայկական պետական ինստիտուտների թուլացման միտումներ, բոլոր առումներով ամրանում ու պատրաստվում էին մեծ պատերազմի...
Նոր իշխանությունների կողմից Արցախի հարցի հետ կապված կատարվում էին իրարամերժ գործողություններ և արվում էին հակասող հայտարարություններ՝ մի օր «մենք նրանց փոխարեն բանակցելու իրավունքի պակասից» մինչև «բանակցությունները սեփական կետից սկսելը» ու ոգևորված «Արցախը Հայաստան է և վերջ» գոռալը Ստեփանակերտի գլխավոր հրապարակում...
Այս ամենը տրամաբանորեն հանգեցրեց պատերազմի, որում մենք մեր պետականության պատմության ամենաողբերգական պարտություններից մեկը կրեցինք և համարյա կորցրինք ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին գտնվող Արցախը...
Թվում էր, թե այդքանից հետո իշխող թավիշը պետք է ինքնակամ հրաժարվեր իշխանությունից և սպասեր արդար դատաստանի, բայց տեղի ունեցավ ամենաանտրամաբանականը՝ պարտված իշխանությունը «հաղթեց» հայտարարված արտահերթ ընտրություններում և դրանով սկզբնավորեց հայոց պետականության աստիճանական կործանման իրողությունը...
Իրարամերժ հայտարարություններով, գեղցու շուստրիությամբ, անիմաստ բառամթերքով ու յուրահատուկ քաղաքական աճպարարությամբ ամեն ինչ խառնելով իրար հետ, ի վերջո, դեկտեմբերի 24-ին ասվեց ամենակարևորը՝ իրենց ընկալմամբ Արցախը հայերինը չէ, այնտեղ ապրող ադրբեջանցիների իրավունքները պետք է պաշտպանվեն ու նման այլ ցնդաբանություններ...
Դրան հաջորդած երկու օրերի ընթացքում վերջին շրջանում առաջին անգամ լսելի էր Արցախի գործող իշխանության տարբեր թևերի ձայնն ու ստեղծված վտանգավոր իրավիճակի գնահատականը...
Այո, նրանց հայտարարությունները թեկուզև ժամանակավրեպ, շատ ուշացած, բայց խիստ անհրաժեշտ են...
Հայ ժողովրդի ակտիվ քաղաքացիական կենսադիրքով հատվածը, յուրաքանչյուր հայրենասեր հայ, վերլուծելով իրավիճակը, զգալով զարգացումների ողբերգական հետևանքները, ընկալելով և գնահատելով անկախության ողջ ընթացքը, ժամանակի հրամայականով պետք է ազդարարի ազգային ազատագրական պայքարի` արցախյան շարժման նոր փուլի սկիզբը, որը միտված կլինի Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դեռևս նշմարվող պետականության հիմքերի փրկությանը, դժվարին պայքարի գնով Արցախի խնդրի լուծմանը...
Պատրաստ եմ միլիոնավոր հայրենասեր հայերի հետ միասին զինվորագրվել այդ պայքարին` Հայոց պետականության փրկության նոր շարժմանը...