28/12/2021 14:46
Այն, ինչ մեկ տարի առաջ եղավ Լեռնային Ղարաբաղում, հաղթահարվեց մեր գերագույն գլխավոր հրամանատարության ջանքերի շնորհիվ. Սերգեյ Շոյգու
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կատարել են բարդ առաջադրանքներ՝ տեղում կայունացնելով իրավիճակը, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Մեզ հաջողվեց հանդարտեցնել իրավիճակն այնտեղ, այժմ քայլեր են ձեռնարկվում պլանային աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Հիմա արդեն կարելի է ասել պլանային, որովհետև կյանքն աստիճանաբար վերադառնում է այս տարածաշրջան. ավելի ու ավելի է տիրում խաղաղություն ու անդորր»,-նշել է Շոյգուն, ում խոսքերն է մեջերել «ՏԱՍՍ»-ը:
Նա երախտագիտություն է հայտնել բոլոր հրամանատարներին, զինվորականներին, շարքայիններին Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և այլ տեղերում իրականացրած ծառայության համար:
«Այն, ինչ մեկ տարի առաջ եղավ Լեռնային Ղարաբաղում, երբ իրավիճակը ծայրահեղ ծանր էր ու ծայրահեղ սուր, հաղթահարվեց մեր գերագույն գլխավոր հրամանատարության ջանքերի շնորհիվ»,-նշել է ՌԴ պաշտպանության նախարարը: