28/12/2021 12:40
ԱԺ-ում աշխատանքային քննարկման առանցքում են եղել արդյունաբերության գերակա ուղղությունները
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հերթական աշխատանքային քննարկումը, որի առանցքում Կառավարության կողմից հայտարարված արդյունաբերության գերակա ճյուղերն էին:
Հանդիպումը դեռևս նոյեմբերի 12-ին տեղի ունեցած քննարկման տրամաբանական շարունակությունն էր, որի ընթացքում արծարծվել էին արտադրության և արտահանման խթանմանն ուղղված միջոցառումները: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել այդ հարցերին առավել հանգամանորեն անդրադառնալ հաջորդ հանդիպման ժամանակ:
Քննարկմանը հրավիրված են եղել պետական մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նրա տեղակալները, ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր և Կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, փորձագետներ:
Կառավարությունը հաստատել է արդյունաբերության զարգացման հինգ գերակա ճյուղերը՝ ոսկերչություն, ադամանդագործություն, թեթև ր ծանր արդյունաբերություն, սարքաշինություն և դեղագործություն: Անդրադարձ է կատարվել դրանց ընտրության մեթոդաբանությանը, պատճառներին և ռազմավարություններին, որոնցով Կառավարությունը նպատակադրված է այդ ոլորտներում հասնելու նոր ներդրումների ներգրավման, աշխատատեղերի ստեղծման և այլն:
Շահագրգիռ քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև մի շարք այլ հարցերի, որոնք վերաբերել են արտադրողականությունը բարձրացնելուն և առանձին ոլորտների զարգացման հեռանկարներին: Կարևորվել է վերլուծությունների հիման վրա որոշումների կայացման գործընթացն ու դրան փորձագիտական շրջանակների ներգրավումը:
Վերոնշյալ ոլորտներում անելիքների և հնարավորությունների հետ կապված հարցերը քննարկվել են Կառավարության ներկայացուցիչների և փորձագետների հետ: