29/12/2021 17:55
Իրանը Կապանում գլխավոր հյուպատոսություն կբացի, Հայաստանն աշխատում է փոխադարձության սկզբունքով Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ
Իրանի կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկատվությունը հրապարակվել է Իրանի նախագահի պաշտոնական կայքում:
«Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն՝ նախարարների խորհուրդը հավանություն է տվել արտաքին գործերի նախարարության առաջարկին՝ Հայաստանի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Կապանում գլխավոր Հյուպատոսություն բացելու՝ Իրանի կառավարության որոշմանը՝ հայտնելով, որ Հայաստանը նույնպես աշխատում է Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ:
«Մեր կողմից նույնպես աշխատանքներ են տարվում Իրանի Իսլամական Հանրապետությունում, փոխադարձության սկզբունքով, Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ»,- «Արմենպրեսին» ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: