29/12/2021 22:05
Մեղադրանք է առաջադրվել հայկական դիրքերի վրա ԱԹՍ կիրառելու մեջ կասկածվող իսրայելական ընկերությանն ու դրա աշխատակիցներին
Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող իսրայելական «Aeronautics» ընկերությանն ու դրա երեք ավագ աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել, քանի որ նրանք խախտել են պաշտպանողական արտադրանքի արտահանումը կարգավորող օրենքը: Հենց այս ընկերությունն էր, որ 2017 թվականին հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո ինչ պարզվել էր, որ Aeronautics-ի բարձրաստիճան ներկայացուցիչներն Ադրբեջանի պահանջով իրենց արտադրած ԱԹՍ-ներն այդ երկրին վաճառելուց առաջ դրանք փորձարկել էին Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Haaretz-ը հայտնում է, որ իսրայելական դատարանի կողմից կայացված որոշումը թույլ չի տալիս այլ մանրամասներ հաղորդել գործի վերաբերյալ:
Վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերության դեմ հետաքննություն էր անցկացվում:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը 2017 թվականի օգոստոսին հայտարարություն էր տարածել այն մասին, որ կասեցրել է Aeronautics ընկերության կողմից արտադրվող հարձակողական դրոնների՝ օտարերկրյա մեկ կոնկրետ հաճախորդին վաճառելու արտոնագիրը: Նույն ամսում հայտնի էր դարձել, որ Իսրայելի ՊՆ-ն հետաքննություն է սկսել մի բողոքի առնչությամբ, համաձայն որի Aeronautics-ի ներկայացուցիչները Ադրբեջանում փորձարկել էին կամիկաձե դրոնները՝ հարձակում գործելով հայկական բանակի դիրքերի նկատմամբ:
«Aeronautics» ընկերությունը հերքել էր տեղեկությունը, որ իր աշխատակիցները երբևէ նման փորձարկում են արել: Ընկերությունից հայտնել էին, թե իրենք երբեք «անօդաչու սարքերի փորձարկումներ չեն իրականացնում կենդանի թիրախների վրա»: