29/12/2021 17:30
Ասկերանի շրջանի մոլորված բնակիչը շուտով կփոխանցվի հայկական կողմին․ Արցախի ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի բնակիչը, որը մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, վերադարձվել է և գտնվում է ռուս խաղաղապահների մոտ։
«Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ, 1971թ. ծնված Արմեն Վերդյանը մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի։
Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ-ը։