30/12/2021 13:16
Քաղաքացու փոխարեն կարող է նաև նրա բարեկամը վճարել թեստի համար․ պետության կողմից նման ծախս վերցնելու վերաբերյալ որևէ բան չկա․ Առողջապահության նախարար
Առողջապահության նախարարի հրամանը ՍԴ ճանաչեց սահմանադրական, դրա բոլոր պահանջները, բացի «իր հաշվին» արտահայտությունից, համապատասխանում են սահմանադրությանը, ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա պարզաբանեց՝ «իր հաշվին» արտահայտությունը հրամանից դուրս կգա, իսկ քաղաքացին, որը որոշակի պարբերականությամբ գործատուին պետք է կորոնավիրուսի թեստավորման պատասխան ներկայացնի, այլևս սահմանափակված չի լինի՝ հետազոտությունը միայն իր հաշվին իրականացնել․ կարող է օգտվել, օրինակ, բարեկամի կամ բարերարի օգնությունից։
« «Իր հաշվին» արտահայտությունը ՍԴ ճանաչեց հակասահմանադրական, այդ արտահայտությունը դուրս կգա, որովհետև սահմանափակ է, որ քաղաքացին հենց իր հաշվին, ոչ թե օրինակ՝ բարեկամի, բարերարի կամ որևէ այլ անձի հաշվին, որը ցանկություն ունի իր փոխարեն վճարել թեստի համար (պետք է հետազոտվի - խմբ․)։ Նման սահմանափակում չենք կարող մտցնել, ինչը կարծում ենք, իրավաչափ է։ Այո, քաղաքացու փոխարեն կարող է նաև նրա բարեկամը վճարել թեստի համար», - ասաց Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ պետության կամ գործադրի կողմից «նման ծախս վերցնելու վերաբերյալ որևէ բան չկա»։
«Այն բոլոր ծախսերը, որոնք պետբյուջեի հաշվին չեն իրականացվում, պարզ է, որ իրականացվում են մասնավոր հիմունքներով՝ քաղաքացիների կամ այլ մարդկանց կողմից», - ասաց նա։