30/12/2021 18:10
Տարին ավարտում ենք անցնցում, ինչը չի նշանակում, որ ցնցումներ չեն լինելու մյուս տարի. Քաղաքագետ
Որպես հետպատերազմյան տարի՝ 2021-ին Հայաստանը արտաքին քաղաքականության բնագավառում ցնցումներ չի ունեցել։ Ո՛չ Ադրբեջանին, ո՚չ Թուրքիային լուրջ զիջումներ դեռ չեն արվել։ Դա լավ է, բայց տրամաբանությունը, որով գնում են պրոցեսները, վկայում է, որ այդ զիջումները, վաղ թե ուշ, անելու ենք, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով կառավարության նիստում վարչապետի այն հայտարարությանը, որ շատ մեծ ջանքեր են պահանջվել՝ անցնցում հաղթահարելու 2021 թվականը։
«Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն իր տարեկան զեկույցում խոսում է անկլավների մասին։ Բայց անկլավների մասով որևէ զիջում անելը, կարծում եմ, անընդունելի է և դա կարող է շատ վատ ավարտվել Հայաստանի համար: Այսինքն՝ եթե այդ առումով մենք այս տարին ավարտում ենք անցնցում, չի նշանակում, որ դրանք չեն լինելու մյուս տարի, նամանավանդ, եթե սկսում ենք մասնակցել «3+2» ձևաչափով քննարկումներին։ Այդ ֆորմատում, ինչպես գիտենք, Թուրքիան և Ադրբեջանն են։ Սա բանակցային նոր ձևաչափ է, որտեղ մենք բանակցելու ենք այդ երկու երկրների հետ։
Բացի այդ, Հայաստանը որոշակի գործընթացներ է սկսում Թուրքիայի հետ։ Սա ևս պետք է նկատի ունենալ։ Այսինքն՝ մենք պետք է հասկանք, որ եթե այդ պրոցեսները սկսում ենք, պետք է որոշ զիջումներ անենք։ Հույս ունեմ՝ զիջումները մինիմալ կլինեն, բայց որ հաջորդ տարվա ընթացքում դրանք լինելու են, հաստատ է»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։
Քաղաքագետը, միաժամանակ, նշեց՝ գալիք տարում ներքաղաքական կյանքում ևս ամեն բան գնում է ցնցումների։
«Եթե այս տարի ցնցումներ չեն եղել, չի նշանակում, որ չեն լինելու նաև հաջորդ տարի։ Մենք տեսնում ենք, որ ջուրը, լույսը, պարենամթերքները թանկանում են։ Այս ամբողջը հասարակության «վզին է», տնտեսվարողները թանկացումները չեն վերցնելու իրենց ուսերին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է միջպետական ճանապարհների որոշ հատվածներ Ադրբեջանին հանձնելու իրողությանը և այդ հարցի շուրջ հասարակության արձագանքի բացակայությանը՝ Դավիթ Ստեփանյանը այդ պրոցեսը ցնցում չորակեց. «Ճանապարհների հանձնումը Ադրբեջանին չցնցեց հասարակությանը՝ չնայած պրոցեսի անհասկանալի լինելուն։ Եթե դելիմիտացիա-դեմարկացիա չի արվել, անհասկանալի է՝ ինչի հիման վրա այդ տարածքները հանձնվեցին Ադրբեջանին։ Այստեղ տրամաբանությունն իսպառ բացակայում է, ինչը, ցավոք սրտի, հասարակության կողմից անցնցում ընդունվեց»,- ասաց քաղաքագետը։