30/12/2021 21:00
Խաղաղությունը միակողմանի չեն կառուցում, անհրաժեշտ է բոլոր կողմերի կամքը և ցանկությունը․ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նման ցանկություն ես չեմ տեսնում․ Վահե Հակոբյան
«Թուրքիան և Ադրբեջանը՝ ի դեմս Փաշինյանի ու իր խմբակի, բացառիկ հնարավորություն ունեն իրականացնելու տարածաշրջանին տիրելու, թուրքական աշխարհը միավորելու իրենց վաղեմի երազանքը և փորձում են օր առաջ այն կյանքի կոչել»,- անդրադառնալով «տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու» Փաշինյանի ազդարարած օրակարգին՝ «Para TV»-ին տված հարցազրույցում ասել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Նա ընդգծել է՝ Փաշինյանը խոսում է «խաղաղության օրակարգից», իսկ Ալիևը չի դադարեցնում սադրանքները, շարունակ հնչեցնում է ուլտիմատումներ, պահանջում է «միջանցք», սպառնում, որ այն կվերցնի զենքով, փորձում է մոռացության տալ Արցախյան հիմնախնդիրը։
«Իսկ Փաշինյանը, չես հասկանում, թե ինչպես և ում հետ, պատրաստվում է «խաղաղության դարաշրջան» բացել։ Ավելին, մասնակցում է ԱՄՆ-ի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» համաժողովին, ինչով շատ հպարտանում է և ոչ մի բառով չի անդրադառնում Թուրքիային, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը՝ միջազգային իրավունքի նորմերը նրանց կողմից խախտելու, պատերազմ, ագրեսիա սանձազերծելու, ահաբեկչության համար։ Չի խոսում նաև ՀՀ տարածքային ամբողջականության խախտման մասին, մեր սուվերեն տարածքում ադրբեջանական ԶՈՒ-ի ներկայության մասին։ Փոխարենը, իրականությունից կտրված, Հայաստանի «ժողովրդավարությունն» է գովերգում՝ այն դեպքում, երբ օրինակ՝ ժողովրդի կողմից ընտրված ՏԻՄ ղեկավարներն այսօր ձերբակալված են»,- ասել է Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ խաղաղությունը միակողմանի չեն կառուցում, անհրաժեշտ է բոլոր կողմերի կամքը և ցանկությունը։
«Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նման ցանկություն ես չեմ տեսնում։ Տեսնում ենք ուժի սպառնալիքով սեփական պահանջներն ու նախապայմաններն առաջ մղելու փորձ»,-շեշտել է Վահե Հակոբյանը։