30/12/2021 10:30
Այս իշխանությունը կապիտուլյացիայի խորհրդանիշ է, աշխարհն էլ է նրանց այսպիսին ընկալում. նրանք ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը միջազգային հարթակներում. Վանեցյան
Հայաստանի համար արտաքին քաղաքական եւ անվտանգային կարևորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ արցախյան հիմնահարցը, hraparak.am-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Այստեղ պատերազմը նոր խնդիրներ բերեց՝ ի դեմս տարածքային կորուստների, զոհերի, փախստականների, չլուծված կարգավիճակի հարցի եւ այլն։ Ադրբեջանը պարբերաբար պնդում է, որ Արցախի հարցը լուծված է, և, չհանդիպելով հայկական կողմի կոշտ արձագանքին, հաջողում է նաև այս թեզն ընկալելի դարձնել միջազգային հանրության համար։ Ի դեպ, ես այստեղ հատուկ ուշադրություն կհրավիրեի այն հանգամանքի վրա, որ «հայկական կողմի արձագանք» ասելով չպիտի սահմանափակվենք միայն ԱԳՆ հայտարարություններով կամ դատապարտող տեքստերով։ Մենք արդյունք կունենանք, եթե համապատասխան աշխատանք իրականացվի գործընկերների, միջազգային կազմակերպությունների և միջազգային հանրության հետ ընդհանրապես, որը, ցավոք սրտի, չի արվում։ Մյուս կողմից, Հայաստանի իշխանությունները պիտի դադարեցնեն այն գործելաոճը, որն ուղղակիորեն լեգիտիմացնում է Ադրբեջանի մոտեցումները եւ ջախջախում բանակցային գործընթացի ապագան», - ասել է Արթուր Վանեցյանը։
Նա նշել է, թե օրինակները բազմաթիվ են, ամենաթարմը՝ վերջին մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հանրաքվեի, հակամարտության կարգավորումը ՄԱԿ ԱԽ տեղափոխելու, Արցախում ադրբեջանցիների ինքնորոշման և այլնի մասին։
«Հայաստանի իշխանությունների կեցվածքն ուղղակի ազդեցություն է թողնում միջազգային հանրության ընկալումների վրա։ Ես այստեղ կմեջբերեի բոլորովին վերջերս Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Եվրոպայի խորհրդի նախագահի ելույթից մի դրվագ, երբ եվրոպացի պաշտոնյան, խոսելով կոնֆլիկտի մասին, օգտագործում է «հաղթահարել» եզրույթը, և խոսք չկա կարգավիճակի մասին։ Ավելին, նույն Շառլ Միշելի խոսքում, ինչպես նաև ԱլԳ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում, ընդհանրապես չկար Արցախի անունը, չկար ուղիղ հղում Մինսկի խմբի համանախագահությանն ու ձեւաչափին։ Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչ ռիսկեր է այս ամենը պարունակում։ Մյուս կարևորագույն խնդիրը գերիների հարցն է, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ շարունակում է չլուծված մնալ։ Հումանիտար նշանակության այս խնդիրը, որն Ադրբեջանի համար նաև պայմանագրային պարտավորություն է՝ ի դեմս նոյեմբերի 9-ի հայտարարության, շարունակում է քաղաքական շահարկումների ու առևտրի առարկա դառնալ, ինչը պարզապես անընդունելի է»։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասել է, թե այս ամենին զուգահեռ, տեսնում ենք նաև միջազգային հանրության կողմից հետպատերազմյան այս իրավիճակում արցախյան կարգավորման գործընթացի հետ կապված բավական մտահոգիչ տենդենցներ։
«Այս իմաստով հատկապես ուշագրավ են վերջին հայտարարությունները՝ թե՛ եվրոպական խորհրդի նախագահի, թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների։ Այս փաստաթղթերում խոսք չկա Արցախի կարգավիճակի հստակեցման կարևորության, Արցախի տարածքների դեօկուպացիայի, Արցախի համար երկարաժամկետ ու կայուն անվտանգության երաշխիքների տրամադրման մասին։ Սա, թերևս, լավագույն ցուցիչն է նրա, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները պարզապես ի վիճակի չեն պատշաճ կերպով ներկայացնել ու պաշտպանել Հայաստանի եւ Արցախի շահերը միջազգային հարթակներում։ Բնականաբար, սրա հիմնական պատճառն այն է, որ այս իշխանությունները պարտության ու կապիտուլյացիայի խորհրդանիշ են, եւ աշխարհն էլ է նրանց այսպիսին ընկալում։
Իհարկե, այս ամենն անվտանգային լուրջ խնդիրներ է մեզ համար ստեղծում։ Մյուս կողմից՝ պիտի ընդունենք, որ Արցախի մեծ մասը կորցնելու արդյունքում ուղիղ հարվածի տակ է հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Մայիսի 12-ից թշնամու զինված ուժերն անխոչընդոտ մուտք են գործել մեր սուվերեն տարածք, շարունակում են մնալ այստեղ եւ հրաժարվում են դուրս գալ։ Հայաստանի իշխանություններն էլ, կոնկրետ գործողությունների դիմելու փոխարեն, առաջարկում են հայելային հետ քաշել զորքերը», - ասել է Արթուր Վանեցյանը։