30/12/2021 11:50
2021 թվականի բյուջեի եկամտային մասը ԱԺ-ում ընդունված բյուջեի եկամտային մասի համեմատ գերակատարվել է 146 միլիարդ դրամով
Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարեց, թե կատարել են 2021 թվականի պետական բյուջեի եկամտային մասը:
«Եկամտային մասը նախատեսվում էր 1 տրիլիոն 440 միլիարդ, այս թիվը դեկտեմբերի 30-ի դրությամբ գերակատարվել է 146 միլիարդով, այսինքն՝ մենք կատարել ենք տրիլիոն 586 միլիարդ, այսօր ևս ակնկալվում են մուտքեր», - ասաց նա:
Ըստ Բադասյանի՝ վերադարձի ցուցանիշները ռեկորդային են այս տարվա համար. վերադարձրել են 182 միլիարդ հարկ վճարողներին, ինչը հիմնականում ԱԱՀ-ի գծով է:
«Այսօր նախատեսում ենք վերադարձնել ևս 3 միլիարդ, այսինքն՝ տարվա ցուցանիշը կլինի շուրջ 185 միլիարդ», - նշեց նա:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ 2020 թվականի նկատմամբ 200,5 միլիարդ ավելի են հավաքագրել՝ կամ 14,5 տոկոս, իսկ 121,4 միլիարդ կամ 8,3 տոկոս 2019 թվականի նկատմամբ են ավելի հավաքագրել:
Վերադարձի ցուցանիշներով 2020 թվականի նկատմամբ 42,1 միլիարդ են ավելի վերադարձրել՝ կամ 30,1 տոկոս, իսկ 2019-ի նկատմամբ 1,7 միլիարդ՝ կամ 1 տոկոս:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե 2021 թվականի բյուջեի եկամտային մասը ԱԺ-ում ընդունված բյուջեի եկամտային մասի համեմատ գերակատարվել է 146 միլիարդ դրամով:
«Ընդ որում, նախորդ տարիներին, երբ որ մենք նման ցուցանիշ հրապարակել ենք, հետո մամուլում, նաև քաղաքական շրջանակներից արձանագրվել է, թե ոչ մի գերակատարում էլ չկա: Երբ որ մենք նախորդ տարի ընտրում ենք հաջորդ տարվա բյուջեն, դնում ենք եկամուտների նշաձող, երբ որ մենք ընթացքում գերակատարում ենք, եկումտների նշաձողը զուգահեռ բարձրացնում ենք, որ գումարները բյուջեն հաշվառվի», - ասաց նա: