05/01/2022 20:21
Ղազախստանի ղեկավարությունը կկարողանա կարգավորել իրավիճակը․ հակառուսական ուժերն իշխանության չեն գա․ Լեոնիդ Կալաշնիկով
Ղազախստանի ղեկավարությունը, ըստ ամենայնի, կկարողանա կարգավորել իրավիճակը․ քիչ հավանական է, որ երկրում իշխանության գան հակառուսական ուժեր, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։
«Մենք հրաշալի պատկերացնում ենք՝ ինչ նշանակություն ունի մեզ համար Ղազախստանը․ դա մեր ամենաերկար սահմանն է, և ես կարծում եմ, որ այդպես չի լինի»,- ասել է Կալաշնիկովը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ն ռիսկեր, որ Ղազախստանում իշխանության կգան հակառուսական տրամադրվածություն ունեցող ուժեր։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ձեռնարկած քայլերի շնորհիվ, ըստ Կալաշնիկովի, Ղազախստանում իրավիճակը կարող է կարգավորվել։ Երկրում բողոքի զանգվածային ալիքի պատճառը գազի գնի բարձրացումն է եղել, ինչից սակայն, Կալաշնիկովի խոսքով, «կայծակնային արագությամբ օգտվել են Ղազախստանում իրավիճակի ապակայունացմամբ շահագրգռվածները»։
«Դրա մասին է վկայում այն, թե ի տարբերություն 2011, 2008 թվականների, ինչ արագությամբ Ղազախստանում տնտեսական վիճակի դեմ ելույթները երկրի արևմուտքից տարածվեցին այլ շրջաններ, որոնք երբեք չեն մասնակցել բողոքի նման դրսևորումների»,- ասել է Կալաշնիկովը։
Նա ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, թե ինչպիսի արագությամբ են բողոքի ցույցերին միջամտել «արևմտամետ ինտերնետ ալիքները, որոնք սկսել են մարդկանց ներքաշել բողոքի ցույցերին, նաև կոորդինացնել նրանց»։
«Մենք պետք է հստակ հասկանանք, որ դա, իհարկե, Ղազախստանի ներքին գործն է, սակայն մեզ համար, անկասկած, կարևոր է»,- եզրափակել է Պետդումայի ներկայացուցիչը։