![Հույս ունենք, որ Ղազախստանում իրավիճակն արագ կկարգավորվի․ ՌԴ ԱԳՆ](https://www.aysor.am/news_images/638/1913057_1/f61d58b303c706_61d58b303c745.thumb.jpg)
05/01/2022 16:11
Հույս ունենք, որ Ղազախստանում իրավիճակն արագ կկարգավորվի․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ հույս հայտնելով, որ Ղազախստանում իրավիճակն արագ կկարգավորվի։
«Հույս ունենք, որ իրավիճակն արագ կկարգավորվի երկրում, որի հետ Ռուսաստանն ունի ռազմավարական գործընկերության, դաշնակցային, եղբայրական հարաբերություններ, մարդկային շփումներ։
Մոսկվան ուշադիր հետևում է եղբայրական և հարևան երկրում ծավալվող իրադարձություններին և կողմ է բոլոր խնդիրների խաղաղ լուծմանը՝ սահմանադրաիրավական դաշտում և երկխոսության շրջանակներում, ոչ թե փողոցում անկարգությունների և օրենքները խախտելու միջոցով»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Ռուսաստանի արտգործնախարարությունում գտնում են, որ Ղազախստանի նախագահ Կասիմ –Ժոմարտ Տոկաևի ձեռնարկած քայլերը երկրում կայունությունը վերականգնելուն են ուղղված։
«Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի քայլերն ուղղված են երկրում առկա խնդիրների խաղաղ լուծմանը, կայունության հաստատմանը, այդ թվում նաև այն խնդիրների օպերատիվ լուծմանը, որոնք բարձրացվում են ցուցարարների օրինական պահանջներում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են նաև, որ Ղազախստանում Ռուսաստանի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների շուրջ իրավիճակը հանգիստ է։