05/01/2022 13:30
Մարդիկ կարող են իրենց հին մեքենաները տալ ավտոդիլերներին և փոխարենը վերցնել նոր մեքենաներ. Վահան Քերոբյան
Կառավարության այսօրվա նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ավտոմեքենաների թրեյդինի մասին օրենքը:
«Դա, ըստ էության, թույլ է տալիս, որ մարդիկ իրենց հին մեքենաները տան ավտոդիլերներին և փոխարենը վերցնեն նոր մեքենաներ: Մենք անցած տարի կարգավորումները փոխեցինք այնպես, որպեսզի հարկային տեսանկյունից դա գրավիչ լինի: Օրենքն արդեն ուժի մեջ է՝ բոլոր կարգավորումներով: Ճիշտ է, հիմա նոր մեքենաների մի փոքր դեֆիցիտ կա, բայց կարծում եմ ժամանակի ընթացքում ավտոդիլները նոր լավ ծառայություններ կառաջարկեն մարդկանց, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ փոխել իրենց, թարմացնել իրենց մեքենաները»,-ասաց նա:
«Ճիշտ նկատեցիք, պարոն Քերոբյան, որ նախկինում էլ չէր արգելվում, որ մարդն իր հին մեքենան տա, նորը վերցնի, ուղղակի հարկեր էին առաջանում, որոնք գործարքի գրավչությունը գցում էին: Մենք օրենսդրական կարգավորմամբ այնպես արեցինք, որ այդ եղանակով նոր մեքենա ձեռք բերելն ավելի գրավիչ լինի քաղաքացիների համար»,-արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: