05/01/2022 15:00
Հայաստանում կստեղծվի 100 նոր աշխատատեղ` մինչև 450 հազար դրամ միջին աշխատավարձով
Կառավարությունը թույլատրել է «Դրիմքոմփանի» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է ծխախոտի արտադրության համար: 2021 թվականին հիմնադրված ընկերության ռազմավարությունը միտված է սեփական արտադրանքը արտաքին շուկաներում ներկայացնելուն, որի նպատակով նախատեսվում է արտադրանքի 80 տոկոսի արտահանում ԵԱՏՄ և երրորդ երկրներ:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 11.9 մլրդ դրամի ներդրում, որից 2 մլրդ դրամը նոր հոսքագծի ձեռքբերման համար, իսկ մնացած մասը՝ շինարարական աշխատանքների իրականացման և հումք ու նյութերի ձեռքբերման համար։
Նախատեսվում է մինչև 2024թ. ստեղծել 100 նոր աշխատատեղ` մինչև 450,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 9.9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 937.7 մլն դրամ: