08/01/2022 17:39
2022-ին գնաճը շարունակվելու է․ պետությունն առնվազն արձանագրված գնաճի չափով պետք է ավելացնի սոցիալապես խոցելի խմբերի կենսաթոշակները, նպաստները․ Թադևոս Ավետիսյան
2020-ի տնտեսական աննախադեպ անկումը՝ 7,4 տոկոս, 2021-ին այդպես էլ չկարողացանք վերականգնել։ Տարբեր հիմքերով՝ վատատեսական են սպասումները նաև 2022-ի համար, Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Ավետիսյանն ընդգծել է՝ 2022-ին գնաճը շարունակվելու է, ինչն ամրագրված է նաև պետական բյուջեում՝ 5,5 տոկոս, սակայն երբ այդ տվյալն ամրագրվել է, դեռ նախանշված չէր, որ էլեկտրաէներգիայի սակագինը ևս բարձրանալու է։ Այսինքն՝ գնաճը 5,5 տոկոսից ավելի է լինելու։
«Կյանքի որակը գնալով վատանալու է, և ամենամեծ հարվածն ստանալու են սոցիալապես խոցելի խմբերը։ Այսօր կենսաթոշակառուների և նպաստառուների թիվը շուրջ 585 հազար է, որոնցից շուրջ 485 հազարի նպաստը, թոշակը չի ավելացվելու 2022-ին այն դեպքում, երբ միայն 2021-ին նվազագույն սպառողական զամբյուղն աճել է 20 տոկոսով, և հաջորդ տարի էլ, մեր կանխատեսումներով, առնվազն 10-15 տոկոս աճ է լինելու։ Աշխատող աղքատների և աշխատանքային կենսաթոշակ ստացող բազմահազար քաղաքացիների թոշակները, նպաստները չեն ավելանալու ահագնացող գնաճի ֆոնին, ինչը հակասոցիալական մոտեցում է, և վստահաբար կարելի է պնդել, որ այսպես շարունակվելու դեպքում 2022-ին մեր քաղաքացիներն ավելի վատ կապրեն, քան 2021-ին»,- ասել է պատգամավորը։
Նա նշել է, որ սոցիալական պետությունը առնվազն արձանագրված գնաճի չափով պետք է ավելացնի սոցիալապես խոցելի խմբերին վճարվող կենսաթոշակները, նպաստները։
«Շատ կարևոր է, որ ոչ թե պոպուլիստական հայտարարություններով, այլ իրական աշխատանքով պետությունը խթանի կոնկրետ ներդրումային ծրագրեր։ Պետք է փոխվի կառավարման մասնագիտական որակն ու վերաբերմունքը։ Հանրային-պետական շահը որևէ կերպ չի հատվում այս իշխանական խմբակի շահին»,-ասել է Թադևոս Ավետիսյանը։